Սա ձրիակերության կարգավիճակի մասին օրենք է. փողով հարց լուծելու վատ նախադեպ է ստեղծվում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրինագծին, որով կառավարությունը ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում, այսպես ասած, համակարգից դուրս կադրեր նշանակելու հնարավորություն է ստանում: Հետաքրքիրն այն է, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր և ստացել մեծամասնության հավանությունը, իսկ երկրորդ ընթերցմանն ընդառաջ փաստորեն ստանում է պետաիրավական հանձնաժողովի բացասական գնահատականը: Ինչո՞վ է պայմանավորված խորհրդարանական մեծամասնության այս շրջադարձը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Վլադ Հովհաննիսյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյան: «Երբ «Լուսավոր Հայաստանը» ներկայացրեց այս նախագիծը, մենք պայմանական քվեարկեցինք կողմ, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում ուսումնասիրենք իրավական հարցերը: Սկզբնապես դրական վերաբերմունք կար նախագծի հանդեպ, բայց իրավաբանների համայնքը եկավ այն եզրակացության, որ նախագիծը կցկտուր լուծումներ է տալիս. այս նախագիծը հնարավորություն է տալիս ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակել և՛ դրսից, և՛ ներսից, եթե ներսից ենք նշանակում, ապա նրանց զինվորական կարիերան կասեցվում է, իսկ եթե դրսից, ապա Սահմանադրության որոշ դրույթների հետ անհամապատասխանության խնդիր կա, և որոշվեց այս հարցին ավելի լայն, համակարգային լուծում տալ,- նշեց Ս. Խանդանյանը: Վլադ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ուժային կառույցների թեման ցավոտ է, որովհետև ուժային կառույցները երեսուն տարի շարունակ ուռճացված են եղել. «Մենք դեռևս որպես հասարակություն, որպես պետություն չենք կարողանում այդ բեռը թոթափել: Իրականում ուժային կառույցների ղեկավարները պետք է նշանակվեին այնպես, ինչպես մյուս նախարարները»: Հակոբ Բադալյանի խոսքով՝ տարօրինակ է, որ խորհրդարանական մեծամասնությունը հավանության արժանացրեց «Լուսավոր Հայաստանի» այս նախագիծը թեկուզ առաջին ընթերցմամբ, և հետաքրքիր է, թե երբ դա տեղի ունեցավ. «Դա տեղի ունեցավ ԱԱԾ պետի պաշտոնանկության և օրեր անց ոստիկանապետի փոփոխության ֆոնին, և չեմ կարող բացառել, որ քաղաքական մեծամասնության այդ դիրքորոշումը նաև կանխարգելիչ նշանակություն կարող էր ունենալ համակարգում՝ այդ առիթով տրամադրությունները կառավարելու տեսանկյունից, որովհետև թե՛ ԱԱԾ պետը, թե՛ ոստիկանապետը կարող էին որոշակիորեն փորձել սաբոտաժային ինչ-որ քայլերի դիմել»:   Մանրամասն՝ տեսանյութում: