ՀՅԴ «կոլցո» օպերացիայի ձախողումը․ ոստիկանությունը բացեց փակված ճանապարհը

ՀՅԴ «կոլցո» օպերացիայի ձախողումը․ ոստիկանությունը բացեց փակված ճանապարհը

Դեռ երեկ պարզ էր, որ այսօր Արայիկ Հարությունյան-ՀՅԴ առճակատումը նոր դրսևորում է ունենալու։ Դաշնակցության երիտմիությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօր ժամը երեքին հանդիպում է նախատեսված կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն ինչքան էլ տարօրինակ է, նախարարի գրասենյակը շատ արագ հերքեց այդ լուրը՝ նշելով, որ նման պայմանավորվածություն ձեռք բերված չէ։ Անշուշտ, իրավունք չունենք կասկածի դակ դնելու ԿԳՍՄ-ի պաշտոնական հաղորդագրությունը, միևնույն ժամանակ, այնքան էլ ռացիոնալ չենք համարում Հարությունյանի մոտեցումը, որը հետևողականորեն մերժում է դաշնակցական ուսանողների հետ հանդիպելու առաջարկությունը։ Որևէ մեկը չի պնդում, որ Արայիկ Հարությունյանը մի քանի տասնյակ ուսանողների կամ մեկ կուսակցության պնդմամբ հրաժարվի իր ռեֆորմից, սակայն ակնհայտ է, որ կրթական համակարգի բարեփոխումների շուրջ պետք է ձևավորվի հանրային լայն կոնսենսուս, ինչը պարտադիր է դարձնում դիսկուրսը մի կողմից նախարարության, մյուս կողմից՝ կրթական համակարգի տարբեր սեգմենտների միջև։ Մյուս կողմից՝ եթե ՀՅԴ ԵՄ նպատակը դիալոգն է, անհասկանալի է, թե ինչու են երիտասարդ դաշնակցականները մերժում ընդունված ընթացակարգերը և այսօր փորձեցին, ըստ էության, հանդիպում պարտադրել Արայիկ Հարությունյանին, ինչի հետևանքով ժամեր առաջ նախարարության շենքի մոտ լոկալ բախումներ տեղի ունեցան ոստիկանության և մի քանի տասնյակ ուսանողների միջև։ Հեռուն գնացող հետևություններ անել չեմ ուզում, սակայն տպավորություն է, որ գործ ունենք ոչ թե ուսանողների ու նախարարության, այլ ՀՅԴ-ի ու իշխանության բախման հետ, այլ խոսքով՝ ավանդական կուսակցության ղեկավարությունը օգտագործում մի քանի տասնյակ երիտասարդների, ուսանողների ազնիվ էմոցիաները, ավյունը ընդդիմադիր իր հայտնի բենեֆիսն ապահովելու համար։ ՀՅԴ ղեկավարությունն ակնհայտորեն փորձարկում է ընդդիմադիր գործունեության տեխնոլոգիաներ ու պատահական չէ, որ այսօր երիտասարդ դաշնակցականները մոտ երեսուն րոպե փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ փորձելով ընդօրինակել թավշյա հեղափոխության գործիքակազմը։ Իհարկե, նմանությունն առերևույթ էր, իսկ բովանդակային հարթության վրա մի քանի տասնյակ երիտասարդներ չարաշահում էին իրենց իրավունքը՝ այլոց, հասարակության ավելի լայն խավերի իրավունքների հաշվին։ ՀՅԴ երիտմիության օրակարգն ակնհայտորեն չի ձգում հեղափոխական զարգացումների ու պատահական չէ, որ նույնիսկ ուսանողությունը չկոնսոլիդացվեց դրա շուրջ, էլ չեմ խոսում քաղաքական լուրջ գործընթացի մասին, որն էական ազդեցություն կունենար գլոբալ համատեքստում։ Այսօր ՀՅԴ «կոլցո» օպերացիան ձախողվեց, ինչը ոչ այնքան կուսակցության երիտասարդների պարտությունն էր, որոնցից շատերն՝ ընդհակառակը, քաղաքական առաջին մկրտությունը ստացան, այլ կուսակցության, որի ընդդիմադիր հայտը փաստացի ձախողվեց՝ ապացուցելով, որ երկրի քաղաքական կյանքում ՀՅԴ-ն կորցրել է իր ազդեցիկությունը ու առաջին դերակատար չէ անգամ հին համակարգի շրջանակներում։ Ոստիկանությունն այսօր, ընդհանուր առմամբ, արհեստավարժ ու համաչափ գործեց, սակայն տարակուսելի է, որ մի քանի տասնյակ ուսանողների դեմ դուրս էին բերվել նրանց թիվը մի քանի անգամ գերազանցող ուժայիններ, ինչն առնվազն խոսում է այն մասին, որ գործող իշխանությունը նույնպես զերծ չէ ավտորիտար հակումներից ու գայթակղությունից։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի