Մարզում նորմալ իրավիճակ է. Հունան Պողոսյանը՝ Սուրիկ Խաչատրյանի և ոստիկանությանն առնչվող աղմկահարույց տեսանյութի մասին

Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ  Հունան Պողոսյանը չի հերքում, որ նախկինում եղել են դեպքեր, երբ խոշտանգումների  միջոցով են փորձել ոստիկանները «ցուցմունք գրել տալ» այս կամ այն քաղաքացուն կամ որևէ քրեական գործով անցնող անձի։ «Ես ինքս համակարգ եմ մտել 1990թ-ից և պաշտոնավարել եմ մինչև 2018 թվականը․ նախկիններից լսել եմ և ինքս էլ բազմիցս ասել եմ, որ այդպիսի մեթոդներով աշխատել չի կարելի, իսկ եթե  ինչ-որ մեկն իր նախաձեռնությամբ դիմել է նման մեթոդների, բնականաբար, պախարակելի է, դատապարտելի է  և  ոստիկանության ոչ մի ղեկավար ոչ մի ժամանակահատվածում նման աշխատելաոճ չի ընդունել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ համացանցում տարածված աղմկահարույց  տեսանյութին, որտեղ ոստիկանության բաժանմունքներից մեկում 4 հոգի  բռնություն գործադրելով և հակագազով փորձում էին ցուցմունք կորզել մի քաղաքացուց։ Դիտարկմանը, եթե որևէ ոստիկանապետի օրոք նման գործելաոճը չի  ընդունվել կամ  ավելին՝ դատապարտելի է եղել, ապա այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանության ծառայողներն առանց թույլտվության նման մեթոդներով են նախաքննություն իրականացրել, Հունան Պողոսյանն արձագանքեց․«Չգիտեմ, չեմ կարող ասել, յուրաքանչյուր  ժամանակահատվածում էլ այդպես գործած ցանկացած ոստիկան դատապարտվել է և դատապարտվել է  թե´ բարոյապես, թե´ օրենքով ընդունված կարգով»։    Մանրամասները՝ տեսանյութում։