Մոսկվան հրաժարվեց ՀԱՊԿ-ից. նոր հնարավորություն Հայաստանի համար

Մոսկվան հրաժարվեց ՀԱՊԿ-ից. նոր հնարավորություն Հայաստանի համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի վարչապետի բարձրացրած խնդրին՝ Ադրբեջանին զենք չվաճառելու և փաստորեն, այսպես ասած, ռազմատենչությունը չխրախուսելու առումով: Դրա վերաբերյալ հարցին, որ նրան հղվել է Բաքվում, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է, որ ռազմա-տեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ՌԴ ռազմավարական գործընկերության կարևոր բաղկացուցիչ է, և իրենք դա անում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: Միևնույն ժամանակ Լավրովը ասել է, թե դա անում են նաև հաշվի առնելով ուժերի բալանսը ռեգիոնում և կայունության անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած, Ռուսաստանի արտգործնախարարը փաստորեն նշում է, որ ամեն ինչ հաշվի են առնում Ադրբեջանին սպառազինություն վաճառելիս, բացի Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունից, դրանից բխող պարկեշտությունից: Որովհետև խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը որևէ միջազգային իրավունքի նորմ է խախտում Ադրբեջանին մահաբեր սպառազինություն վաճառելիս: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը խախտում է դաշնակցային տրամաբանությունը, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլ նաև բլոկային: Ի վերջո, հարկ է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը հարցը բարձրացրել էր օրերս ՀԱՊԿ պետությունների ղեկավարների բիշքեկյան հավաքի ընթացքում: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը դրել էր հարցը ՀԱՊԿ բլոկային տրամաբանության համատեքստում: Եվ ուրեմն, Սերգեյ Լավրովը Ադրբեջանում իր պատասխանով պարզապես հերքում է ՀԱՊԿ բլոկային տրամաբանությունը, գործնականում հրաժարվում ՀԱՊԿ կոչվող բլոկից: Առերևույթ, դա Հայաստանի վարչապետի բարձրացրած խնդրի անտեսում է, մերժում, պատասխան՝ որ վաճառել ենք և վաճառելու ենք: Միաժամանակ, իհարկե, կարևոր է, երբ նա խոսում է այսպես ասած՝ հավասարակշռության մասին: Իհարկե, դրա մասին էին խոսում նաև Ապրիլյան պատերազմից առաջ՝ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելիս և փաստացի պատերազմը ռազմական և քաղաքական իմաստով հովանավորելիս: Բայց պարզվեց, որ գործնականում չկա խոսք որևէ հավասարակշռության մասին, և Ռուսաստանն ուղղակի խախտել է որևէ հավասարակշռություն: Պատերազմից հետո, իհարկե, Մոսկվան ստիպված էր Հայաստանի ուղղությամբ կատարել որոշակի ռևերանսներ: Հեղափոխությունից հետո էլ խոսվում է ռազմա-տեխնիկական նոր բնույթի գործակցության մասին: Սակայն, մեծ հաշվով, ռուսական քաղաքականության հավասարակշռության հարցը մնում է բաց, որովհետև գործնականում այդ հավասարակշռությունը կատարվում է այսպես ասած՝ Հայաստանի հաշվից հանելով ինչ-որ բան՝ տվյալ դեպքում Դաշնակցությունը: Մյուս կողմից, Հայաստանն էլ, թերևս, իր գլխից կամ մտքից պետք է հանի այն, որ Ռուսաստանը դաշնակից է, կամ դաշնակից է ՀԱՊԿ-ը: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է մերժել Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին: Պարզապես պետք է իրականությունը գնահատել ինչպես որ այն կա, և հետևաբար դիտարկել աշխատանքի անհրաժեշտությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ ուղղությամբ: Առավել ևս, որ Լավրովի կամ համանման՝ թվում է թե մերժողական արձագանքները Հայաստանի համար իրականում բացում են այդ հարթակներում աշխատանքի ավելի լավ ու անկաշկանդ հնարավորություն, նկատի առնելով աշխարհաքաղաքական իրողությունների խորքային տրամաբանությունն ու միտումները և դրանցում Հայաստանի դերի առանձնահատկությունը: