Անցումային փուլը չենք հաղթահարել. Հասունացել է Հայաստանի անվտանգության ռազմավարություն ունենալու պահը

Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում Ն. Փաշինյանը խոսել է ԱԱԾ ռազմավարության և ընդհանրապես ռազմավարական մոտեցման մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Մուդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: Վարչապետի կարծիքով՝ հեղափոխության անցումային փուլը կարելի է համարել ավարտված, ըստ նրա՝ շատ կարևոր են նախորդ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով. «Դրանք ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին: Եվ հիմա եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր դնենք մեր հետագա գործունեության հիմքում»: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արա Պապյանը նշեց, որ, իր կարծիքով, հեղափոխության անցումային փուլը չենք անցել. «Պետք է հիշեցնեմ, որ հեղափոխության ընթացքում տրվել են խոստումներ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններ և սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, սակայն այդ երեք կարևորագույն փաստաթղթերից որևէ մեկը փոփոխության չի ենթարկվել, հետևաբար հեղափոխության անցումային փուլը չենք կարող համարել անցած: Իսկ այն, որ ռազմավարական նոր հայեցակարգ պետք է մշակել, անշուշտ, անհրաժեշտ է»: Միքայել Զոլյանի խոսքով՝ 12 տարի չունենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որի պատճառներից մեկն այն է, որ դա ինքնիշխան պետության գործառույթ է. «Եթե պետությունը կախված է դրսի ուժերից, չի կարող ազգային անվտանգության ռազմավարություն ունենալ, որովհետև այդ դեպքում իշխանության գործողությունները միշտ չէ, որ թելադրվում են երկրի շահերով, այլ հաճախ թելադրվում են դրսի ուժերի կողմից: Հայաստանը հեղափոխությունից առաջ կախված էր մի քանի բևեռներից և, որպես պետություն, ինքնիշխան որոշումներ չէր կարողանում կայացնել. ավելի կարևոր էր դրսից զանգը, քան ՀՀ քաղացիների շահերը»: Պատգամավորը նաև ընդգծեց, որ այսօր արդեն կարող ենք մտածել մեր ռազմավարական շահերի մասին. «Հասունացել է ազգային անվտանգության և այլ ոլորտներում ռազմավարություններ ընդունելու փուլը, բայց չպետք է շտապել»: Մանրամասն՝ տեսանյութում: