Լյուստրացիայի հարցը՝ օրակարգո՞ւմ. «Փաստ»

Լյուստրացիայի հարցը՝ օրակարգո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իր վերջին հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչքան էլ խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի, այնուամենայնիվ մի քանի խնդրահարույց հարցերի հետ կապված որոշակի ակնարկներ ներկայացրեց։ Հարցազրույցում Վանեցյանի հնչեցրած այն միտքը, թե ՀՀ-ում գործող Սորոսի գրասենյակը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Այն, որ սորոսականները հակադրվելու էին, սպասելի էր: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի՝ անցած շաբաթավերջի արձագանքից զատ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լարված ու բուռն է ընդունվել նաև ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող ՀԿ սեկտորի ներկայացուցիչների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, որոնք ծառայություններ են մատուցել ու մատուցում օրվա իշխանություններին: Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք ՀՀ քաղաքական իշխանության առաջ վերստին հարց են բարձրացրել ՀՀ-ում լյուստրացիա անցկացնելու առումով՝ օրինակ բերելով Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային որոշ երկրների փորձը։ Բանն այն է, որ լյուստրացիա անցկացնելու դեպքում բացվելու են ուժային կառույցների արխիվները, և խորհրդային տարիների ՊԱԿ-ի գործողությունները դառնալու են հանրային սեփականություն։ Հենց դրանով է պայմանավորված, որ քաղհասարակության ներկայացուցիչների որոշ հատված անընդհատ այդ թեման բերում է հանրային օրակարգ և փորձում ապացուցել, որ լյուստրացիան Հայաստանում անխուսափելի է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: