«Կամազի բոլոլա». սա վտանգավոր ճանապարհ է և հղի է վտանգներով

Քաղաքապետարանին նվիրած աղբատար «Կամազների» թեման քաղաքական փաթեթավորում է ստացել, ինչն, իհարկե, սպասելի էր: Ի՞նչ է նկարագրվում քաղաքական բանավեճում «Կամազների» նվիրատվության փաստի տակ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը և վերլուծաբան Մհեր Ղալեչյանը: Ազատ Արշակյանի խոսքով՝ Հայկ Մարությանը դարձել է հերթական թիրախը, բայց առիթը թեթև է. «Քաղաքապետի արարքում հանցակազմ չկա, չկա չարաշահում և չկա կոռուպցիա: Դա բարեգործություն է, պետք է հարգել նվիրատուներին, եթե նրանք ֆիլանտրոպ են և ուզեցել են, որ Երևանը չդառնա աղբանոց... Պետք է պարզել, դա առևտուր է, թե ոչ: Եթե չկա անձնական շահ, կա միայն Երևան քաղաքի շահը, ապա պետք է շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր նվեր են տվել քաղաքապետարանին»: Սերոբ Անտինյանի դիտարկմամբ՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խաչվում են լեգալությունն ու լեգիտիմությունը: Նրա կարծիքով՝ օրենքի առումով չկա շահերի բախում. «Այստեղ չկա անձի մասնավոր շահ, հետևապես շահերի բախման մասին չենք կարող խոսել»: Մհեր Ղալեչյանի խոսքով՝ «Սանիթեքը» միտումնավոր գնաց սաբոտաժի, Երևանը աղբի մեջ էր թաղվել, արագ լուծում էր պետք տալ այդ հարցին, և Հայկ Մարությանը շատ լավ լուծում է գտել՝ նոր ռեսուրսներ ներգրավելով: «Մեզ հետաքրքրում է միայն այն, որ մեր քաղաքը լինի մաքուր, և այդ արդյունքը ստացվել է»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ վստահ է՝ Հ. Մարությանի գրպանը այդ նվիրատվությունից ոչ մի լումա չի գնացել: «Եթե բարեգործությունն ավել է որևէ նպատակով, որը պետք է բոլոր միջոցներով իրագործվեր, ապա դա վտանգավոր ճանապարհ է և հղի է վտանգավոր նախադեպերով, որովհետև այդ գործելաոճը վաղը կարող է ընդունելի և ընկալելի դառնալ»,- նշեց Սերոբ Անտինյանը՝ հավելելով, որ եթե նվիրատվություն է տեղի ունեցել և դրանով պայմանավորված չէր որևէ որոշում, եթե որոշումները նախապես կայացված են եղել և արհեստական կապ է ստեղծվում, ապա սա կեղծ քննադատություն է և քաղաքական շահարկում: Մանրամասն՝ տեսանյութում: