Նիկոլից ավելի կաթոլիկ

Նիկոլից ավելի կաթոլիկ

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Ասում են՝ պետք չէ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել։ Ես թե գրականությունից եւ թե աչքիս առաջ ունենալով տարբեր օրինակներ կաթոլիկ, ուղղափառ եւ բողոքական եկեղեցիներում (ինչու՞ չէ, նաեւ մեր), գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ սովորական եկեղեցականը հազար անգամ ավելի մոտ է Աստծուն, քան եկեղեցու առաջնորդը։ Ասեմ ավելին, ճանաչում եմ աթեիստների, որ հազար անգամ ավելի աստվածահաճո վարքագիծ ունեն, քան շատ եկեղեցականներ։ Ճանաչում եմ շատ սպաների եւ զինվորների, որոնք ավելի խելացի են, հմուտ ու կարող, քան որոշ գեներալներ։ Այդպես էլ մեր հեղափոխությունում է։ Ստեղծվել է մի վիճակ, որ հասարակության մեծ մասը ավելի հեղափոխական է, քան ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, «Իմ քայլը» դաշինքի անդամներ կամ ՔՊ կուսակցության ներկայացուցիչներ։ Այո, մենք ցանկանում էինք այս մարդկանց մեջ տեսնել հեղափոխությունը ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, այլ ոչ ձեւի կամ անվան մեջ։ Բայց կյանքն այնպիսինն է, ինչպիսին որ կա։ Ե՞վ։ Եվ, եթե այնպես է ստացվել, որ մարդիկ չեն հայտնվել իշխանության մեջ, բայց հավատարիմ են հեղափոխությանը ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, երբ ավելի լավ, քան շատ պատգամավորներ հասկանում են, որ երբ ՍԴ խնդիր ես լուծում, ապա չպետք է նայես անգամ ամենալավ դրսի բարեկամին, քանի որ սա ՏԱՆ ՄԵՋի հարս է, ԸՆՏԱՆԻՔԻՑ դուրս պիտի չգա, սա մեր ԻՆՔՆՈՒԹՅԱՆ եւ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ հարցն է, եւ ոչ մի բարեկամորեն տրամադրված ՕՏԱՐ պիտի այս հարցին չառնչվի, ապա այս մարդիկ ավելի հեղափոխական են, քան հեղափոխական իշխանությունը։ Եվ այս թույլ, երկչոտ կեցվածքը մի կողմից, իսկ ռոբասերժամիշիկառեւանշիստական ուժերի համախմբումը մյուս՝ հանրության մոտ թերի պատկեր են ստեղծում, թե Նիկոլը մենակ է, թե Նիկոլի մեջքին մարդ չկա կանգնած, թե օր օրի անգամ մի փոքր ընդվզում տեսնելով՝ իշխանությունը հետ է կանգնում իր պլաններից։ Ուզում եմ փշրել այս ծուռ հայելին։ Հայաստանում կան բազմահազար վճռականությամբ լի հեղափոխական գաղափարները ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ընկալած եւ կրող մարդիկ։ Այս մարդիկ իշխանության մեջ ներկայացված չեն։ Այս մարդիկ իրենց գործի տեղը իրենց գործն են անում, բայց ականջի ծայրով միշտ ուշադիր են քաղաքական անցուդարձին։ Այս մարդիկ ավելի հեղափոխական են, քան Նիկոլի ամբողջ իշխանությունը, եթե կուզենաք, ապա ավելի հեղափոխական են, քան Նիկոլը, քանի որ Նիկոլի պաշտոնը սահմանափակում է իր հեղափոխականությունը։ Այս մարդիկ կան։ Այս մարդիկ պետք է իրենց տեղը ինչ-որ ձեւով նշմարեն երկու պատճառով։ Մեկ՝ որ իշխանությունը այս սաստող հայացքի ներքո թափ տա իրենից իշխանական փոշին ու հիշի էությունն իր հեղափոխական։ Երկրորդ՝ որ կեղծ հայելին ստեղծած ու մեծ մեդիառեսուրս ունեցող ռևանշին ձգտողները այս սաստող հայացքի ներքո իրենց մկան ծակից դուրս չգան։