1.5 տարի անց՝ կարևոր փուլ Հայաստանի համար. ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունումը՝ հրամայական

1.5 տարի անց՝ կարևոր փուլ Հայաստանի համար. ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունումը՝ հրամայական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օրերս  կառավարությունում  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ: Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրենք ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքներին. «Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել: Հիմա կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք»։ Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր են նախորդ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով. «Դրանք  ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին: Եվ հիմա եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր դնենք մեր հետագա գործունեության հիմքում»: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ով  ամիսներ առաջ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հրավերով մասնակցել էր  նոր փաստաթղթի  ընդունման աշխատանքներին նվիրված քննարկմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Այո՛, այսօր այդ փաստաթղթի անհրաժեշտությունը կա, որպեսզի պետական կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված ամբողջ գործունեությունը որոշակի տրամաբանության ենթարկվի, ու մենք հասկանանք, թե ուր ենք գնում։ Չափազանց կարևոր են Հայաստանում ժողովրդավարական  արժեքների արմատավորման ուղղակի ինստիտուցիոնալացումն ու անդառնալիության երաշխիքների ապահովումը»։ Ըստ Մեհրաբյանի՝ բացի այդ, փետրվարից սկսվող նոր Սահմանադրության մշակման գործընթացը նույնպես պետք է զուգահեռվի հենց այս գործընթացի հետ. «Գոնե ներկայիս մեր Սահմանադրությունը խնդիրների գեներատոր է, ոչ թե դրանց լուծման մեխանիզմ, այնինչ պետք է հակառակը լինի։ Այդ պատկերացումները պետք է  ամբողջականանան այս փաստաթղթում՝թե մենք ինչպիսի համակարգ ենք ուզում լինի, ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ, որպես այդպիսին։ Այդ բոլոր հնարավոր վտանգներն ու ռիսկերը կառավարելի դարձնելու հետ մեկտեղ՝ պետք է  պատկերացում ունենանք, թե ռազմավարական առումով ելքերը որտեղ ենք տեսնում»: Փորձագետը սա շատ կարևոր հանգրվան և փուլ է համարում ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին։ Մեհրաբյանը նաև կարևոր է համարում այս գործընթացի մասնակցային լինելու հանգամանքը. «Ես, համենայնդեպս, կարծում եմ, որ այդ ամենը դեռ քննարկման փուլում կլինի, որովհետև, ինչպես գիտենք, դա դեռ նախագիծ էլ չէ, պարզապես մշակում է, որը դեռ քննարկումների փուլ կանցնի։ Բայց պետք է նաև արժանին մատուցել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին, նրանք այս չափազանց կարևոր ու ծավալուն գործը  վերցրել են իրենց վրա ու  բարեխղճորեն կատարում են»։ ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը հիշեցնում է՝ ազգային անվտանգության ռազմավարության առաջին և վերջին փաստաթուղթն ընդունվել է դեռ 2007  թվականին և բնականաբար փոփոխությունների կարիք ունի: «Արդեն բավականին երկար ժամանակ է  անցել, ու այդ փաստաթուղթը վերանայումների ու մշակումների կարիք ուներ։ Շատ կարևոր է, որ իշխանափոխությունից հետո ընդունվի ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որովհետև շատ երկրներում ամեն նախագահի գալուց նոր ռազմավարություն է ընդունվում։ Ամենավառ օրինակը հենց ԱՄՆ-ն է, Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության ռազմավարություն  ընդունեց նախագահ դառնալուց անմիջապես հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Վարդանյանն ընդգծեց. «Կան երկրներ, որոնք ավելի երկարաժամկետ կտրվածքով են ընդունում, և դա կապված չէ իշխանափոխության և նոր մարդու իշխանության գալու հետ։ Մեզ մոտ, այո՛, արտաքին քաղաքականության վեկտորը մնացել է նույնը, բայց շատ դրույթներ փոխվել են, նոր մոտեցումներ կան, ազգային անվտանգության ռազմավարության մասին պատկերացումները փոխվել են, և բնականաբար, այդ փաստաթուղթն առաջինը լինելով հանդերձ, լավն էր, բայց բավականին շատ փոփոխությունների կարիք ուներ»։ Փորձագետի դիտարկմամբ՝  եղած փաստաթուղթն ավելի շատ բարի ցանկություն էր, և չկային թվային չափումներ՝ ինչքան ժամանակում այսինչ խնդիրը պետք է լուծվի. «Այսինքն՝  գեղեցիկ ցանկությունների մասին փաստաթուղթ էր, որը պրակտիկորեն չաշխատեց։ Նախկին փաստաթղթում Հայաստանի ազգային անվտանգության երկու սկզբունք էր նշվում՝ ժողովրդավարացման սկզբունքը և  կոմպլեմենտարիզմի սկզբունքը։ Բայց կյանքը ցույց տվեց, որ 2008-ից հետո տեղի ունեցան Մարտի 1-ի իրադարձությունները, Հայաստանն ավելի հետ ընկավ դեպի ավտորիտարիզմ, ու այդ սկզբունքները միայն թղթի վրա էին մնում։ Հիմա շատ լավ կլինի, որ պրակտիկորեն նշված լինի այսինչ խնդիրը, դրա իրականացման ձևերն ու մեխանիզմները»։