Մեր հասարակությունը հեղափոխությունից հետո յուրօրինակ կատարսիս ապրեց. Արմեն Էլբակյան

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործության հիմնա վրա համանուն ներկայացման պրեմիերան. բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Էլբակյանն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված այս ստեղծագործության, այս թեմայի ընտրությունը, Արմեն Էլբակյանը նշեց. «Իմ ամբողջ կյանքում այս թեման ինձ հետապնդել է. դա անհատի ընդվզումն է հիվանդ հասարակության, տոտալիտար ռեժիմի, բռնության դեմ: Այս վեպը 20-րդ դարի լավագույն ստեղծագործություններից է, ժամանակը համընկավ, և առիթը եղավ այն բեմ բարձրացնելու համար»: «Երբ սկսվում է քաոսը, ապա շատ կարևոր է սերն առ մերձավորը, արդարություն որոնելու ճանապարհը: Իսկ մեր ժամանակները ամբողջ աշխարհում մեծ քաոս են պարունակում, փոքր պատերազմները կարող են մի մեծ պատերազմի վերածվել, և այստեղ շատ կարևոր է մարդու դերը, նրա ապրելու կերպը և դրա մասին խոսելը: Իսկ այս վեպը առիթ է տալիս մտածելու՝ որն է ապրելու նպատակը, ինչպես պետք է ապրել այս աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,- ընդգծեց Ա. Էլբակյանը՝ հավելելով, որ շատ արդիական վեպ է և տալիս է շատ հարցերի պատասխան: Արմեն Էլբակյանի դիտարկմամբ՝ այսօր՝ հեղափոխությունից հետո, արթնացում է տեղի ունենում մարդու գիտակցության մեջ. «Շատ-շատերը խավարի միջից դուրս գալու և վերագնահատելու հնարավորություն ունեցան՝ ինչպես են ապրել և ինչպես են ապրելու սրանից հետո... Սերմերը գցված են մեր հասարակության մեջ, մարդն ազատ կամքով է ստեղծված, և յուրաքանչյուրը հնարավորություն ունի վերափոխվելու, կատարսիս ապրելու, որը բերում է դեպի փրկություն: Մեր հասարակությունը ինչ-որ չափով յուրահատուկ կատարսիս ապրեց հեղափոխությունից հետո և շարունակում է ապրել: Մենք, որպես հասարակություն, պետք է գիտակցենք, որ այս աշխարհում միանգամից ոչինչ չի լինում, միանգամից միայն քանդվում է»: Մանրամասն՝ տեսանյութում: