Որ դիրքում պետք է լինեինք 9:1-ից հետո. ՖԻՖԱ-ի գնահատականն օբյեկտի՞վ է

Որ դիրքում պետք է լինեինք 9:1-ից հետո. ՖԻՖԱ-ի գնահատականն օբյեկտի՞վ է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Իտալիայից կրած խայտառակ պարտության հետևանքով Հայաստանի ազգային հավաքականը կրկին նահանջեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ դուրս մնալով լավագույն հարյուրյակից: Այս պահին 102-րդն ենք և զիջում ենք այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Բահրեյնը, Հայիթին, Բենինը, Վիետնամը, Ղրղըզստանը… Երբ մեր հավաքականը նահանջում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերն այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի: Մինչև Իտալիայի հետ հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի վերը թվարկած հավաքականներին: Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, հնարավոր է, որ Վիետնամի հետ մրցելու դեպքում հաղթենք, բայց դա չի նշանակում, որ արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն: Վերջին տարիներին մեր հավաքականն այն աստիճան անհաջող է ելույթ ունենում, որ վարկանիշից դժգոհելու մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք: Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն ենք: Եթե ժամանակին մեզ մի գլուխ բարձր էինք դասում, օրինակ, Լյուքսեմբուրգից, Անդորրայից, Լիխտենշտեյնից, ապա այսօր չկա վստահություն, որ այս հավաքականների հետ մրցավեճերում կկարողանանք երեք միավոր վաստակել: Անցյալ տարի չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Այս տարվա հունիսին կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է: Այնուհետև տոնեցինք ևս երկու հաղթանակ, բայց… Կրկին հանդիպեցինք Լիխտենշտեյնին, կրկին ոչ-ոքի խաղացինք և հասկացանք, որ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ: Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 102-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ավելին, այսօր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք 2019 թվականին 9 գնդակ են բաց թողել: Եվրոպայում, բացի Հայաստանից, 9 գնդակ ընդունել է միայն Սան Մարինոյի կիսապրոֆեսիոնալ հավաքականը: Մենք ՈՒԵՖԱ-ի անդամ ենք, գտնվում ենք եվրոպական գոտում, որտեղ կան 55 հավաքականներ: Թե՛ խաղի որակով, թե՛ արդյունքներով այսօր Եվրոպայում մոտավորապես 50-րդն ենք: Չի բացառվում, որ եթե հանդես գայինք ասիական գոտում, այսօր դասակարգման աղյուսակում լինեինք ավելի բարձր դիրքերում: Այսինքն՝ որակապես ավելի ցածր հարթության վրա գրանցելով ավելի բարձր արդյունքներ՝ ընդհանուր հաշվարկում ավելի բարձր տեղում կհայտնվեինք: ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն Գաբոնի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում: Մենք շարունակում ենք պարտվել և շարունակելու ենք պարտվել, եթե փրկության համար լուրջ քայլեր չձեռնարկվեն: Ինչու. որովհետև չպարտվելու համար այդպես էլ քայլեր չեն ձեռնարկվում: Ավելին, ստեղծված են նպաստավոր պայմաններ պարտությունների շարքը երկարացնելու համար: Հետևաբար ունենք նախադրյալներ այդ 102-րդ տեղից ավելի ցածր գլորվելու: Եկել է ժամանակը՝ հասկանալու, որ ՖԻՖԱ-ի աղյուսակը ոչ թե դասակարգման, այլ արժանիքների աղյուսակ է: Այո, եղել ենք ավելի ցածր դիրքերում, նահանջել ենք մինչև 123-րդ հորիզոնական: Նշանակում է, որ այդ պահին արժանի ենք եղել լինելու այդ դիրքում: Շատ ենք լսել, որ ՖԻՖԱ-ի դասակարգումը մեզ համար էական չէ, և շեշտը պետք է դնենք խաղի որակի վրա: Իտալիայի, Հունաստանի, Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերում ոչ միայն որակ չնկատվեց, այլև խոտանն ու անհասկանալի գործողությունները երկրորդ պլան մղեցին ֆուտբոլը: Այո, այդ խաղերում մեր հավաքականի կատարմամբ չտեսանք ֆուտբոլ: Ֆուտբոլ, որը կարող ենք խաղալ, բայց ինչ-ինչ պատճառներով չենք խաղում: 9:1 հաշվով պարտությունից հետո կարո՞ղ ենք պնդել, որ 102-րդը չի արտացոլում մեր հավաքականի իրական պատկերը: Եթե խիղճներս էլ կորցնենք, կկարողանանք ասել, որը 102-րդը դեռ շատ է Հայաստանի հավաքականի համար: Նույն Լիխտենշտեյնի հավաքականն այսօր՝ 180-րդ, Մալթան՝ 184-րդ, Ջիբրալթարը 196-րդ տեղում է: Ինչո՞վ ենք ավելի ուժեղ այս հավաքականներից: Ժամանակին գրանցել ենք արդյունքներ, որոնք ՖԻՖԱ-ն հաշվի առնելով՝ մեզ 102-րդ տեղում է դրել: Բայց ժամանակն անցնում է, և մենք հաստատուն քայլերով մոտենում ենք դասակարգման աղյուսակի ստորին հատվածին: Այս տրամաբանության սկզբունքներով շարժվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ մենք դասակարգման աղյուսակում օբյեկտիվորեն կլինենք 180-րդը: