ՀՖՖ-ն այս տարի նոր նախագահ չի՞ ունենա

ՀՖՖ-ն այս տարի նոր նախագահ չի՞ ունենա

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ-ի նախագահի և գործադիր կոմիտեին ընտրություններին ընդառաջ արդեն 6 ֆուտբոլային ակումբներ ըստ էության համախմբվել են կարևորագույն մի խնդրի շուրջ։ Այն է մինչև ընտրությունները ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների կազմը զտել այսպես կոչված ֆեյք ՀԿ-ներից և ակումբներից, ինչը կապահովի արդար և թափանցիկ ընտրություն։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները, հանդես էին եկել հետևյալ միասնական հայտարարությամբ, մասնավորապես նշելով․ «Հայտնում ենք մեր լիովին աջակցությունը ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված հայտարարությանը առ այն, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։ Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն և ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից և հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։ Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում։Հետևաբար, խիստ անհրաժեշտ է նախևառաջ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետև միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ։ Միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ»։ «Փյունիկին», «Արարատին» և «Շիրակի» միացել են նաև «Ուրարտու», «Նոա» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները։ Արթուր Վանեցյանի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո հայտարարվել էր, որ ՀՖՖ-ն և գործկոմը մինչև դեկտեմբերի 23-ը համապատասխան քայլեր է կատարելու անդամների կազմը «մաքրելու» համար։ Նշեք սակայն, որ այս գործընթացն իրավական տեսանկյունից անյքան էլ հեշտ չէ և հնարավոր է լուրջ խոչընդոտներ ի հայտ գան։ Ժամանակին ֆեյք ակումբներն ու ՀԿ-ները ՀՖՖ-ի կազմ էին ընդգրկվել Ռուբեն Հայրապետյանի «թեթև ձեռքով» ընտրություններում ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։ Առաջիկա ընտրություններում ևս Հայրապետյանը մտադիր է գործի դնել ֆեյք ռեսուրսը։ Այս պահին քանի դեռ զտման գործընթացում հստակություն չկա ունենք բավական մտահոգիչ պատկեր։ Իրավիճակն այնպիսին է, որ գործընթացի ձախողման պարագայում ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները ուղղկի հնարավոր չի լինի կայացած համարել։ Կարծում ենք պարզ է, որ վերոնշյալ 6 ակումբները ուղղակի չեն ընդունի թե գրանցված արդյունքները ըստ այդմ էլ ՀՖՖ-ի նոր նախագահին և գործադիր կոմիտեին։ Այս դեպքում հայկական ֆուտբոլում առկա ճգնաժամը էլ ավելի կխորանա։ Եթե ֆեյք անդամները չհեռացվեն ՀՖՖ-ի կազմից ապա ենթադրվում է, որ միասնական հայտարարությամբ հանդես եկած ակումբները չեն մասնակցի ընտրություններին։ Չի բացառվում, որ արդար և թափանցիկ ընտրություններ պահանջող թիմերի քանակն ավելանա։ Բացառությամբ «Լոկոմոտիվի»՝ մյուս 5 թիմերը ներկայացնում են Բարաձագույն խումբը։ Այս պահին առանց ֆեյքերի, թափանցիկ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն եկել Բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը» և «Լոռին» և «Երևանը»։ Վերջինս չի հանդիսանում ՀՖՖ-ի անդամ։ Կարծում ենք տրամաբանական է այն պնդումը, որ հայտարարությամբ հանդես չեկած ակումբներին ձեռնտու է ընտրությունների ֆեյք կազմով անցկացումը։ Հիշեցնենք, որ առաջիկա ընտրություններին Ռուբեն Հայրապետյանն ունի իր թեկնածուն և հավանական է, որ վերը թվարկված ակումբներին դեմ չեն, որ ընտրություններում հաղթեր հենց այդ թեկնածուն։ Ամեն դեպքում հայկական ֆուտբոլային էլիտայի հիմնական մասն արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը, ինչը միանգամայն դրական և ողջունելի քայլ պետք է որակել։ Հարկ ենք համարում արձանագրել, որ կազմը չմաքրելու պարագայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս տարի ուղղակի նախագահ չի ունենա։