Կոռուպցիոն ջրհոր, որը պետք է փակել

Կոռուպցիոն ջրհոր, որը պետք է փակել

Լուծելու է կոռուպցիայի կանխարգելման մարմինը Հայաստանում համակարգային կոռուպցիաի արգելափակման հարցը: Խորհրդարանն ընտրում է կառույցի անդամներին, սակայն միամտություն է կարծել, որ կոռուպցիայի համակարգային կանխարգելման խնդիրը ունի որևէ մեկ կառույցի տիրույթում գտնվող լուծում: Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական կամքի մեխանիզմով Հայաստանում համակարգային կոռուպցիան ապամոնտաժվեց պետական կառավարման համակարգից, սակայն ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքում կոռուպցիան իր տարբեր դրսևորումներով և ռիսկերով անկասկած ունի իր ներկայությունը, ընդհուպ բիզնեսի և քաղաքականության սերտաճման համատեքստում: Այդ խնդիները լուծելու համար կա ոչ միայն հակակոռուպցիոն օրենսդրության կարիք, այլ նաև քաղաքական համակարգի կայացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների, որոնք էապես կարգելափակեն կոռուպցիոն ռիսկերը առաջին հերթին քաղաքականության համար: Բանն այն է, որ Հայաստանում կոռուպցիոն շարժառիթների կամ մղումների հիմքում քաղաքականությունն ունի առանցքային դեր: Կոռուպցիան ծառայել է քաղաքականությանը, կամ ծառայեցվել է, և շատ առումներով այսօր էլ ծառայեցվում է՝ մի շարք քաղաքական խմբերում, ակումբներում կամ նույնիսկ կուսակցություններում, որպեսզի հետո քաղաքականությունն էլ ծառայի կոռուպցիայի արմատավորմանը, ամրապնդմանը, երաշխավորմանը: Այսինքն, գործել է մոտիվացիոն փակ շղթա, յուրօրինակ ցիկլ: Հեղափոխությունն ընդհատել է ցիկլը, շղթան, սակայն ընդհատել է այսպես ասած կամքի ուժով: Անհրաժեշտ է ընդհատումը կամ արգելափակումը ամրագրել ինստիտուցիոնալ առումով: Այստեղ է, որ կոռուպցիոն մոտիվացիոն ցիկլին էական հարված կարող է հասցնել նույնիսկ ասենք Ընտրական օրենսգիրքը կամ կուսակցությունների մասին օրենքը, քան որևէ կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմին: Խնդիրը անշուշտ մեկը մյուսին համեմատելը կամ համադրելը չէ: Հակակոռուպցիոն կառույցների և ինստիտուտների ստեղծումը, օրենսդրության խստացումը հույժ կարևոր են: Սակայն որևէ այդպիսի մեխանիզմ որևէ երկրում ի վերջո չի բերում 100 տոկոս, անվերապահ արդյունքի: Ըստ այդմ շատ կարևոր է, որ կանխարգեիչ քայլերը ոչ պակաս կատարվեն նաև մոտիվացիոն-հոգեբանական-մտածողական հարթության մեջ, իսկ այստեղ եղած, այսպես ասած նախահեղափոխական քաղաքական պատկերացումներն ու արժեհամակարգը կոռուպցիայի ջրհոր են, որը պետք է փակել: