Սպասում ենք Հրայր Թովմասյանի հրաժարականի հրաշքին. Արման Բաբաջանյանը՝ ՍԴ ճգնաժամի մասին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների  ժամին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը մնում է չլուծված: Ազգային ժողովի՝ ըստ էության վերջին հուսահատ քայլից հետո որևէ առարկայական քայլ չի այս ուղղությամբ կատարվել: Ցավոք, տեսանելի չէ նաև, որ առաջիկայում նախատեսվում են նման քայլեր: Խոսքն առաջին հեթին Ազգային ժողովի՝ որպես իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմնի կողմից կատարվելիք քայլերի մասին է, առանց որոնց  երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը չի կարող հանգուցալուծվել»: Նրա խոսքով՝ սահմանադրական ճգնաժամի հաղթահարման պատասխանատուն խորհրդարանն է. «Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ պարտավոր ենք օր առաջ քայլեր ձեռնարկել սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: Այո, սա մեր ուղղակի պարտականությունն է, որովհետև առաջին հերթին մենք ենք պատասխանատու երկրում ժողովրդավարության հաստատման, կայացման և հանրային ու  պետական բոլոր ինստիտուտների բնականոն գործունեության համար: Սակայն մենք Սահմանադրական դատարանի խնդիրը ըստ էության մատնել  ենք ինքնահոսի, մենք կարծես չենք գիտակցում դրա կարևորությունն ու լուծման անհրաժեշտության օրհասականությունը: Մենք սպասում ենք, թե երբ ինչ-որ հրաշքով Սերժ Սարգսյանի կողմից պատանդառված Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, և մենք ճգնաժամը լուծելու խնդիրը հասցրել ենք անձերի մակարդակի: Մինչդեռ իրականության մեջ սահմանադրական ճգնաժամի խնդիրը շատ ավելի լուրջ ու տարողունակ է: Առանց ահա այդ խորքային պատճառները վեր հանելու, առանց Սահմանադրական դատարանի լեգիտիմության հիմնարար խնդիրը լուծելու մենք չենք կարող մտածել սահմանադրական ճգնաժամի հաղթահարման մասին, եթե անգամ Հրայր Թովմասյանը հենց հիմա հրաժարական ներկայացնի»: Նրա խոսքով՝ սահմանադրական ճգնաժամի լուծումը միայն իշխող մեծամասնության խնդիրը չէ. «Դա բոլորիս խնդիրն է, իշխանության առաջնային մանդատ ունեցող խորհրդարանի խնդիրն է, որի լուծմամբ պարտավոր ենք զբաղվել յուրաքանչյուրս՝ անհատապես, և բոլորս՝ որպես հավաքականություն»:   Մանրամասները՝ տեսանյութում: