Լավրովը նոր բան չասաց. կրկնեց այն, ինչ Հայաստանն է ներկայացնում

«Բոլոր դեպքերում պետք է հիշենք, որ Սերգեյ Լավրովը դիվանագետ է և պետք է պահպանի դիվանագետին հատուկ չեզոքություն, բայց այս դեպքում նույնիսկ իր դիվանագետ և չեզոք լինելու հանգամանքը ցույց տվեց այն մոտեցումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են բանակցություններից։ Լավրովի հայտարարության մեջ ամենակարևոր արձանագրումներից մեկն էլ այն էր, որ եղել է այդպիսի մի ձևաչափ, երբ որ ԼՂՀ-ն մասնակցել է բանակցություններին․  ներկա դրությամբ սա շատ կարևոր  մեսիջ  է, որովհետև Ադրբեջանն անընդհատ փորձում է խեղաթյուրել և ցույց տալ, թե Հայաստանը փորձում է բանակցությունների ձևաչափը փոխել։ Լավրովի հայտարարություններից երկու հետևություն կարող ենք անել, առաջինը՝ Արցախը, անպայման, պետք է մասնակցի բանակցություններին և իր համաձայնությունը տա այն փաստաթղթին, որը կլուծի  Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի և խաղաղության հարցը, և երկրորդ՝   Հայաստանը չի փորձում բանակցությունների ձևաչափ փոխել՝ ԼՂՀ-ն բերելով բանակցային սեղանի շուրջ, այլ այդպիսի ձևաչափը նախկինում եղել է՝ մինչև Հայաստանի նախկին նախագահներից մեկի բոլորիս հայտնի որոշումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության  կարգավորման և բանակցությունների շուրջ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի  վերջին հայտարարությանը։ Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ Լավրովի այդ հայտարարությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մինսկի խումբը փորձում է  արդյունավետ դարձնել բանակցությունները։ «Հիմա մենք բանակցում  ենք բանակցությունները սկսելու մասին, դա անվերջ չի կարող տևել և ի վերջո, պետք է գա մի փուլ, որ այդ բանակցությունները էֆեկտիվ լինեն և առաջ գնան»,-նշեց պատգամավորը։   Մանրամասները՝ տեսանյութում։