«Մարտի 1 + գողացածը». թալանածը չվերադարձնելու միտումը կերկարաձգի Քոչարյանի անազատությունը

«Մարտի 1 + գողացածը». թալանածը չվերադարձնելու միտումը կերկարաձգի Քոչարյանի անազատությունը

Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական այսօրվա նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ հայտնի։ Սա ոչ առաջին և, հավանաբար, ոչ էլ վերջին միջնորդությունն էր, որը, ինչպես և կանխատեսելի էր, մերժվեց։ Նախկին դատական նիստերի ընթացքում էլ պաշտպանական կողմը միջնորդում էր փոխել Քոչարյանի խափանման միջոցը։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ պաշտպանական թիմը ձգձգում է գործընթացը, որպեսզի գործերում առկա նյութը հանրային սեփականություն չդառնա։ «Միաժամանակ, Քոչարյանի թիմը կարծես ինչ-որ սպասելիք ունի։ Տպավորություն է, որ սպասելիք ունեն Եվրադատարանից, բայց իզուր։ Հիմա դիրքային պայքար է գնում, նույն բանն անընդհատ կրկնում են, որ տեսնեն՝ իրենց սպասելիքները կարդարանա՞ն, թե՞ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Մակեյանի՝ այժմ ինչ-որ գործընթացներ են գնում թալանի վերադարձի շուրջ, որը հանգուցալուծում չի ստանում. «Հիմնական խնդիրը, բացի Մարտի 1-ից, թալանն է, ժողովրդից գողացածը վերադարձնելն է։ Բայց թալանը վերադարձնելու ազդակներ ցույց չեն տալիս, ինչն էլ կերկարաձգի Քոչարյանի անազատությունը»։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Եվրադատարանից լուրջ սպասելիքներ ունենալ չի կարելի. «Մենք 2008-2009 թվականներին դիմել ենք, այն ժամանակ ասում էին՝ այսօր, վաղը կլինեն պրոցեսներ, ու արդեն տաս տարի անցել է։ Չեմ կարծում՝ հենց վաղը դնեն ու այդ գործը քննարկեն։ Իրենց սպասելիքը ավելի շատ Ռուսաստանն է, Մոսկվայի հետ բանակցությունները։ Հնարավոր է՝ ռուսները սակարկեն այդ հարցը՝ գազի գնից սկսած։ Իրենք Քոչարյան անձին չեն պաշտպանում, այլ 20 տարվա իրենց վարած քաղաքականությունը, բոլոր այդ կոդերը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մոտ են»։ Այս գործընթացը, Պետրոս Մակեյանի խոսքերով՝ երկար շարունակվել չի կարող։ «Կամ քաղաքական լուծում կլինի, ու ինքը կորոշի գողացածը վերադարձնել ժողովրդին։ Եվ երկրորդը՝ դատավարություն, որը կընթանա զուգահեռ, ու կլինի խափանման միջոցի փոփոխություն։ Հիմնական խնդիրը հետևյալն է՝ «Մարտի 1+ գողացածը»։ Մեր խնդիրը գողացածը հետ բերելն է։ Մեկուկես տարի է անցել է, մենք չգիտենք՝ ումից ինչ են հետ բերել, բայց հանրությունը այդ հարցերի պատասխանը պետք է ստանա»,- եզրափակեց նա։