Այն ռումբը, որը շարունակում է դանդաղորեն գործել Բաղրամյան 10-ում, լոկալ նշանակություն չի ունենալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: - Հանդարտվե՞լ է Նաիրի Հունանյանին այցելելու շուրջ առաջացած ներքաղաքական աղմուկը: - Այդ աղմուկը դեռևս մերթընդմերթ շարունակում է արձագանքներ առաջացնել, դա ինձ համար հասկանալի է, գնալով ավելի եմ ընկալում այդ մարդկանց անհանգստությունները, մարդիկ, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են այդ իրադարձություններին: Սա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ այս պահին առկա մարտահրավերների արմատները գնում են Հոկտեմբերի 27: Պարզվում է, որ այդ հանդիպման ժամանակ որոշ մարդկանց վերաբերյալ ձեռք բերված հավելյալ տեղեկությունները բաց վերքի պես սկսել են անհանգստացնել: Այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: - Արդեն քանի օր անցել է, կարելի՞ է ասել՝ պե՞տք էր հանդիպել ահաբեկչին, թե՞ ոչ: - Ես, որպես ՀՀ քաղաքացի, ով Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետևանքով տևական ժամանակ Հայաստանից դուրս է գտնվել, և եթե այդ իրադարձությունները չլինեին, կարող էր իմ կյանքում բոլորովին այլ փոփոխություններ լինեին, ես չեմ ասում, թե ինչ փոփոխություններ և հնարավորություններ կարող էին լինել երկրի համար, ես անձնապես կրելով այդ իրադարձությունների հետևանքը և լինելով ԱԺ պատգամավոր և ունենալով նրա հետ հանդիպելու հնարավորություն՝ չէի կարող այդպիսի նախաձեռնությամբ հանդես չգալ, մանավանդ որ՝ Հոկտմեբերի 27-ի 20-րդ տարելիցն էր, և կար նրա կողմից դիմումը, և ենթադրաբար այդ դիմումը կարող էր նշանակել ասելիքի առկայություն: Ես չէի կարող այդ առիթը բաց թողնել, ինչքան էլ որոշ շրջանակներ շարունակում են «արնահոսել» դրա շուրջ: - Կրակի հետ չեք խաղում: - Գիտեք՝ ես այդ մարդկանց, այդ սպառնացողների ատամները հաշվել եմ: Այս բոլորը մենք տեսել ենք, անցել ենք, նորություն չկա՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց չեք պատկերացնի, թե ես ու ինձ նման շատուշատ երիտասարդներ ինչ աստիճանի ենք պատրաստ պաշտպանել այս ձեռքբերումը, կյանքը ոչինչ է այս ամենի դիմաց, որպեսզի այս փոփոխություններն անշրջելի դարձնենք: Ես, որպես ԱԺ պատգամավոր և քաղաքացի, անվարան օգտագործելու եմ իմ ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, հնարավոր չէ մեզ վախեցնել, շատ հետևողական և համառ եմ գտնվելու և կարծում եմ, որ այսպիսի տեղեկատվական նյարդային գրոհը հենց հանդարտություն, հետևողականություն և զսպվածություն է պահանջում, և այդպես էլ վարվելու եմ: - Ինչ վատ սցենարից է խոսում ՀՀ երկրորդ նախագահը «Արմենիա Սպուտնիկ»-ի հրապարակած դիտարկումներում: - Մարդ, որն ամբողջ իր պաշտոնավարման ճարտարապետությունը կառուցել էր ստրկական, վասալային տրամաբանության վրա, քծնելու, հնարավորինս շատ տրվելու և դրա շնորհիվ իշխանությունը երկարաձգելու մոլուցքով, նրանից իր պաշտոնավարումից տասը տարի անց այլ գործողություններ ակնկալել հնարավոր չէ: Հոկտեմբերի 27-ից հետո տեսել ենք ինքնիշխանության անկում, օրըստօրե մաշվող անկախություն, և տեսել ենք, թե ինչպես է Ռ. Քոչարյանը իր հակառակորդներին Ռուսաստանի աչքում ներկայացնում որպես հակառուս, հակապուտինյան ուժ, և դրանով իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է կարողացել ապահովել Ռուսաստանի կողմից: Հոկտեմբերի 27-ի գործի հետ սերտ առնչությունները գալիս են ինձ ավելի համոզելու, թե Քոչարյանն ինչպիսի հմտությամբ է կարողացել օգտվել անփորձ ներքաղաքական շրջանակների անթույլատրելի վրիպումներից՝ որոշ ուժային կենտրոնների վերաբերյալ, և իր համար շահեկան դիրքեր ապահովել և ապահովել նաև իր քաղաքական երկարակեցությունը: Այլ սցենարի դեպքում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո բացառված էր Քոչարյանի պաշտոնավարումը... Գալիս ենք այն համոզման, որ Հոկտեմբերի 27-ը Ռ. Քոչարյանի և նրան աջակցող քաղաքական թիմի համար ինչ-որ առումով շահեկանորեն ձեռնտու ընթացք է եղել... Թեև 1999-ին ունեինք կոալիցիոն համաձայնությամբ ձեռք բերված իրավիճակ, որտեղ անձայն որոշում կար միասնաբար երկիրը նորմալ հունի մեջ դնել և բողոքի ցույցերին վերջ տալ՝ այն, ինչ այսօր չունենք: Այսպիսի բևեռացում առաջին անգամ է մեր նորանկախ պատմության մեջ: Այն ատելությունը, այն հռետորաբանությունը, որ այսօր կա, աննախադեպ է, պետք է չափազանց ուշադիր լինել, որովհետև այդ շրջանակներում կարող են գտնվել նոր նաիրիհունանյաններ, ովքեր խոսքից գործի անցնելու «ռոմանտիզմով» կարող են քայլեր անել: - Այդ պրոցեսն ինչի՞ հետևանք է, ի՞նչ նպատակ են հետապնդում: - Կարծում եմ՝ մեզ հունից հանելու, մեր գործողությունները տորպեդահարելու նպատակ ունեն: Մեր խնդիրն է զուսպ, հետևողականորեն շարունակել մեր գործը, պաշտպանել ժողովրդի ձեռքբերումը, որքան էլ այդ հարձակումները, այդ տեղեկատվական տեռորը շարունակեն: Ես առաջարկում եմ նետված քարերը հավաքել, ամրապնդել մեր դիրքերը և ավելի համառորեն պայքարել: Խոսեցիք Քոչարյանի դիտարկումներից, անխոս դա կապ ունի դատական պրոցեսի հետ: Ավելին ասեմ՝ կապ ունի, օրինակ, Հ. Թովմասյանի և ՌԴ դեսպանի հանդիպման հետ. հասկանալի է, թե որն է համատեքստը. ամեն կերպ Հայաստանի ինքնիշխանության հաշվին սեփական կաշին փրկելու նույն ձեռագիրն է... Սա նշանակում է, որ կարող ես այդ աստիճան ստորադասել սեփական արժանապատվությունը, անարգել սեփական պետությունդ և իշխանությունդ, որին քվե է տվել ժողովուրդը, և փորձես տղա բերել քո երկրի առաջնորդների վրա, ում ուսերին է այսօր դրված քո երկրի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը և ցավ չապրես դրա համար: Կարծում եմ՝ սա Ռուսաստանում համարժեքորեն գնահատվում է, անցել են ժամանակները երբ Քոչարյանը կարող էր հաշվարկ անել Ռուսաստանի վրա: Իշխանությանը հաջողվել է լեզու գտնել Ռուսաստանի հետ և հավաստիացնել, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ անցումներ չեն լինելու… - Ի դեպ, ՍԴ-ն հոկտեմբերի 16-ին որոշում է ընդունել, որով հնարավոր է դառնում գրավի միջոցով խափանման միջոցը փոխել: Քոչարյանի պաշտպանները բողոքում են, որ այդ որոշումը չի կայացվել: - Այդ պաշտպաններից մեկը, ով անվանարկում էր փաստաբաններին, դատավորին, տուժողի իրավահաջորդներին, Նաիրի Հունանյանի և կազմակերպիչների մասով շատ կարևոր դերակատար է, և Նաիրի Հունանյանը նրա վերաբերյալ մի քանի ուշագրավ իրողություններ է բացահայտել, խոսքը Ռուբիկ Սահակյանի մասին է և այն թայֆայի, որ նրա շուրջ հավաքվել է: Ինչ վերաբերում է առհասարակ ՍԴ-ին, ինձ համար ուղենշային է Վահե Գրիգորյանի վերջին հրապարակումը, որն առնչվում է վերջին 20 տարիների ընտրական վեճերին: ԱԺ-ն դատապարտված է դա ընկալել, որովհետև այն ռումբը, որ շարունակում է դանդաղորեն գործել Բաղրամյան 10-ում, լոկալ նշանակություն չի ունենալու: ՍԴ-ն վերջին 20 տարիներին սասանել է մեր երկրի սահմանադրական անվտանգությունը, հակադեմոկրատական որոշումներ է արձակել և մասնակցել է պետության զավթման գործընթացին՝ պակաս դերակատարություն չունենալով այդ ոճիրին: Եվ ես ապշած եմ, որ ԱԺ-ն ավելի նախաձեռնողական, ավելի համարձակ ու հատու միջոցներով չի լուծում այս խնդիրը: Լուծումներ կան, և հիմա դիմում եմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներին՝ եթե չեք ուզում գնալ քաղաքական պատասխանատվության ճանապարհով, առաջարկում եմ գնալ հանրաքվեի ճանապարհով և փոխել 213-րդ հոդվածը դատարանակազմության վերաբերյալ, որպեսզի նոր դատարան կարողանանք կազմավորել: Խնդիրը Հրայր Թովմասյանը չէ, Հ. Թովմասյանն իր գլխի տերը չէ, նրա գլխի տերը Ս. Սարգսյանն է, իսկ նրա գլխի տերն էլ այլ քաղաքական դասավորություն, որի հունցածը տեսնում ենք Արցախում որպես հակահեղափոխություն, և տեսնում ենք նրանց այն նպատակները, որ այնտեղ հունցվում են ընդդեմ Հայաստանի ժողովրդի: Այն զարգացումները, որ վերջին շրջանում տեղի են ունենում Արցախում, և այն, որ Վանեցյանը միացել է այդ կարևոր խմորումներին, պետք է որպես լրջագույն ահազանգ դիտարկել:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: