Քոչարյանը չի գիտակցում, որ Մոսկվան իրեն հանձնել է. նրա մատնագիրը անհաջող փորձ է

Այսօր տարածված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական գործակալությանն է տրամադրել իր դիտարկումները աշխարհաքաղաքական իրողությունների վերաբերյալ, որտեղ խոսում է Միացյալ Նահանգների գերակայության նվազման և այլ ուժային բևեռների դերի բարձրացման գործընթացի մասին՝ այդ համատեքստում Հայաստանի իշխանությանը հերթական անգամ ներկայացնելով արևմտամետ և խոսելով իշխանության և Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հակառուսական բնույթի մասին: Նախկին նախագահի այդօրինակ դիրքորոշումը նորություն չէ, բայց խիստ հատկանշական է մեկ այլ՝ երրորդ նախագահի մասնակցությամբ դրվագի ֆոնին. խոսքը Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպման մասին է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և «Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը: Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների: Ռոբերտ Քոչարյանն իր այս հարցադրումով, ըստ Հակոբ Բադալյանի, փորձում էր քաղաքական տեսք տալ իր հրապարակմանը. «Այն բնույթով ավելի շատ մատնագիր էր հիշեցնում Հայաստանի հասցեին, քան քաղաքական գործչի լրջագույն մտահոգություն Հայաստանի շահի համար»: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ռուսական մեդիաշրջանակներում հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, որտեղ Հայաստանը համառորեն մեղադրվում է գունավոր հեղափոխություն իրականացնելու համար, այդ ամեն ինչի հետևում դիտարկվում է Արևմուտքը: Եվ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ կարծես թե Պուտինին են հարց տալիս, թե ինչպես է թույլ տվել այս ամենը կամ ինչպես է հանդուրժում: Որոշակի խուճապ և մտահոգություն կա այս ամենում, Ռ. Քոչարյանի պարագայում դա հասկանալի է՝ նկատի ունենալով այն իրավիճակը, որում հայտնվել է: Նա նաև ամենևին չի թաքցնում իր մեղադրանքները՝ ուղղված ոչ միայն նոր իշխանությանը, այլ նաև Սերժ Սարգսյանին: Հիշենք, որ օրերս դատարանում երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկմանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ մարտիմեկյան այդ գործը երեք նախագահների գործն է, և Ռոբերտ Քոչարյանը մյուս երկուսի համեմատ գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում: Եվ կարևոր է, որ այս ահազանգը Ռուսաստանին՝ Հայաստանը ձեր ձեռքից գնում է, հնչեցնում է հենց Ս. Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումից հետո: Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, փրփուրներից է կախվում: «Նա չգիտի, որ իրեն լքել են: Նա չգիտի, որ ռուսաց թագավորին նամակ է գրում, բայց ռուսներն իրեն հանձնել են, նրանք ընդհանրապես Հայաստանն են հանձնել Արևմուտքին, և երբ նա ռուսներին հիշեցնում է մեծապետականության մասին, վիրավորում է նրանց, ռուսական իմպերիայից պոկում են Հայաստանը, և նա աղ է լցնում Ռուսաստանի վերքի վրա»,- նշեց Ա. Արշակյանը: Անդրիաս Ղուկասյանը կարևորեց, որ Քոչարյանն իրականությանը չհամապատասխանող դատողություններ է արել՝ նպատակ ունենալով ստեղծել միֆ, որ Հայաստանը միտում ունի շարժվել դեպի Արևմուտք, և իբրև թե դա վտանգ է ներկայացնում, ու թե Պուտինն ինչպես կարող է հանդուրժել այս վիճակը: Մանրամասն տեսանյութում: