Խաբեությամբ հափշտակվել է ընկերության 571․166․000 դրամ արժողությամբ գույքը. շրջանառվում է Նազիկ Ամիրյանի անունը

ՀՀ ոստիկանությունն առանձնապես խոշոր չափերի հափշտակության նոր դեպք է բացահայտել: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ՝ պարտադիր պայմանով, որ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100, 80 և 70 միլիոն դրամ ներդրումներ կատարի և որպես սոցիալական երաշխիք 350, 500 և 700 աշխատատեղ ապահովի։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ոստիկանության մատնանշած կինը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինն է՝ մեկ այլ գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հիշյալ կինը, ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքին խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել նաև հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ինչի հետևանքով 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Սնանկ ճանաչվելուց հետո, առանց որևէ փաստական հիմնավորման ընկերության 717․166․000 դրամ արժողությամբ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121․347․000 դրամ և կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն, ինչից հետո սկսվել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթաց։ «Այս գործընթացին զուգահեռ Էջմիածնի բնակչուհին 2003 թվականին իր մտերիմներից մեկի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և ընկերության ողջ գույքը 1․500․000 դոլարով վաճառելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել մի գործարարի և նրա ռուսաստանաբնակ գործընկերների հետ։ Իր մտադրությունն իրականացնելու համար 2004 թվականի մայիսին լուծարային կառավարչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով սնանկ ճանաչված ընկերության ամբողջ գույքը՝ 121․347․000 դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից այն ընկերությունը, որը Էջմիածնի բնակչուհին իր մտերիմներից մեկի անվամբ նախապես հիմնադրել էր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ գործարքից 19 օր անց սնանկ ճանաչված ընկերության գույքը ձևական աճուրդով ձեռք բերած ընկերությունը իրավահաջորդության եղանակով ընդգրկվել է մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում։ Այս մեքենայությունների հետևանքով Էջմիածնի բնակչուհին 717․166․000 դրամ արժողությամբ գույքի համար վճարելով ընդամենը 266․347․000 դրամ, լուծարային կառավարչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ընկերության 80 տոկոս պետությանն ու 20 տոկոս բաժնետերերին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 571․166․000 դրամ արժողությամբ գույքը։ Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։ ՀԺ-ին այս պահին հայտի չէ՝ Նազիկ Ամիրյանն այս գործով որեւէ կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ: Ամիրյանը, հիշեցնենք, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու, ինչպես նաեւ հափշտակության համար: