ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողն ու Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը . «Կարճ կապենք»

Նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը։ Նկատենք, որ համանման հավաքները չափազանց կարևոր են, չնայած այն հանգամանքին, որ ՀԱՊԿ անդամ պետություններում խորհրդարանները երկրորդական դեր են զբաղեցնում։ Փաստացի դրանք վճռական ազդեցություն չունեն և չեն էլ կարող ունենալ քաղաքականության մշակման և կյանքի կոչման գործընթացում։ Այս պարագայում էականը բարձրացվող հարցադրումներն ու դրանց պատասխաններն են, ինչն էլ հայկական կողմը տարատեսակ ձևաչափերով փորձում է իրականացնել։ Մեզ հետաքրքրող ամենակարևոր հարցադրումը վերաբերվում է ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին։ Սա չափազանց լուրջ մարտահրավեր է, որի վերաբերյալ Հայաստանը պետք է խոսի միշտ և բոլոր հնարավոր առիթներով։ Մյուս կարևոր հարցացրումը կապված է ՀԱՊԿ-ի բովանդակության հետ։ Համանման միջոցառումների միջոցով Երևանը պետք է կարողանա ինքն իր համար հստակեցնել, թե ինչի համար է ի վերջո նախատեսված այդ կառույցը, ի՞նչ կարելի է դրանից ակնկալել ու պահանջել։ Եվ վերջապես, ՀԱՊԿ-ի կայացման և էլ ավելի հզորացման գործում ի՞նչ առաքելություն և մասնակցություն պետք է ունենա հայկական կողմը։ Ի դեպ 12-րդ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի համատեքստում պետք է նկատենք, որ հա-ռուսական փոխհարաբերությունները, կարծես թե, բավական բարձր մակարդակի են, ի հակադրություն դավադիր շրջանակների այն պնդումների, իբրև թե միջպետական փոխհարաբերությունները խզված են, փակուղային են կամ էլ խորը ճգնաժամի մեջ են։ Ինչպես ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, այնպես էլ միջպետական մակարդակում, Հայաստանի նոր կառավարության և Մոսկվայի միջև արդեն իսկ ձևավորվել է փոխհարաբարեությունների ու փոխըմբռնման նոր ավանդույթ, որն ունի իր տրամաբանությունն ու էությունը։ Կողմերն աստիճանաբար փորձում են վստահել իրար, իսկ վստահությունը գործի կեսն է։