Իշխանությանը հայտարարվել է նյարդային պատերազմ

Իշխանությանը հայտարարվել է նյարդային պատերազմ

Հայաստանում իշխանությանը հայտարարված տեղեկատվաքարոզչական պատերազմն ակնառու է: Միևնույն ժամանակ, ինչպես օրերս հրապարակել էր «Ժամանակ» օրաթերթը, սոցհարցման տվյալի համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը աճել էր նախորդ հարցման համեմատ և կազմել 67 տոկոս: Քարոզչական պատերազմը, սակայն, ունի ամենևին ոչ միայն վարկանիշի վրա ազդելու նպատակ: Ավելին, նպատակն ըստ երևույթին բոլորովին էլ դա չէ: Ըստ ամենայնի, տեղեկատվաքարոզչական պատերազմի նպատակը իշխանության նյարդերի վրա ազդելն է, իշխանությանը հոգեբանական փորձության ենթարկելը: Առերևույթ դա թվում է բավականին թույլ նպատակ: Գործնականում, սակայն, իրականացվող ուժգին հակաքարոզչության գործընթացում առանցքայինը թերևս հենց այդ, ոչ թե քաղաքական որևէ հետևանքի խնդիրն է, ինչպես փորձ է արվում ներկայացնել հաճախ՝ «հեղաշրջում», «հակահեղափոխություն», «ռևանշ» և այլն: Իրականում, սակայն, այդ վտանգների համար չկա քաղաքական որևէ նախադրյալ: Անհրաժեշտ քաղաքական նախադրյալները պետք է լինեն իշխանության լեգիտիմության բացակայությունը կամ լեգիտիմության, այսպես ասած, բավականին ցածր աստիճանը և, իհարկե, միջազգային հեղինակությունը: Երկու պարագայում էլ հետհեղափոխական Հայաստանի իշխանությունն այնպիսի աստիճանում է, որ չունի քաղաքական էական վտանգներ: Ունի ռիսկեր ու մարտահրավերներ իհարկե, և այդպիսիք ունի ցանկացած իշխանություն. այլ կերպ չի լինում ու չի էլ լինելու: Բայց, ի վերջո, ցանկացած իշխանություն էլ պետք է լինի մարտահրավերներն ու ռիսկերը չեզոքացնելու պատրաստ, որովհետև որևէ երկրում որևէ պարագայում իշխանությունը սկուտեղի վրա մատուցվող երևույթ չէ և չպետք է լինի: Այդպիսով, տեղեկատվաքարոզչական պատերազմի բուն նպատակը այլ է՝ իշխանությանը մղել քայլերի, որոնք կսկսեն քայքայել քաղաքական միջավայրը: Խոսքը հենց հոգեբանական ներգործության փորձի մասին է, իշխանությունը հոգեբանորեն քայքայելու խնդրի մասին: Դա խորքային առումով չափազանց լուրջ խնդիր է՝ գտնվել ինտենսիվ թիրախավորման ներքո, ամենատարբեր աստիճանի սրության ու կոշտության և զգալիորեն համեմված կեղծիքով: Հատկապես տեղեկատվական դարաշրջանում դա լրջագույն խնդիր է ցանկացած իշխանության համար՝ անկախ դրա լեգիտիմության աստիճանից: Իսկ իշխանության հոգեբանական քայքայումը, հոգեբանական վայրիվերումները գործնականում հանգեցնելու են խորքային անարդյունավետության՝ ի տարբերություն տեխնիկական անարդյունավետության ներկայիս հնարավոր իրողությունների: Այլ կերպ ասած՝ իշխանությանը գործնականում հայտարարված է նյարդերի պատերազմ: Ինչ ելք կունենա այն: