Քոչարյանի «մտահոգությունները» անհիմն են․ հերթական անհաջող մեսիջն է Մոսկվային

«Ռոբերտ Քոչարյանի այս հարցազրույցը նորություն չէ. նույն շեշտադրումներով նա նմանատիպ հարցազրույցներ տվել է այս մեկ տարվա ընթացքում: Ռոբերտ Քոչարյանը շատ լավ է հասկանում, որ իր համար Արևմուտքից աջակցություն ստանալը անհնար է, և դիմում է այն մարդուն, ում նկատմամբ քիմիա է զգում՝ ՌԴ նախագահ Պուտինին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով «Սպուտնիկ Արմենիա»-ին տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Մեր զրուցակիցը վստահ է, որ նրան դարձյալ չի հաջողվելու աջակցություն ստանալ Պուտինից: «Քոչարյանը պատրաստ է հանուն անձնական շահի պետական շահերը ստորադասել և զոհաբերել Ռուսաստանին: Մենք բազմիցս ենք դրա ականատեսը ենք եղել»,- հավելեց նա: Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ կարծում է, որ ընդդիմադիր դաշտում իրենց տեսնող ուժերը ներքին տարածության մեջ չունեն որևէ հենարան, սոցիալական հիմքը բացակայում է, իսկ արտաքին տարածության մեջ էլ, ըստ նրանց, միակ հնարավորությունը Հայաստանը որոշակի չափով դեպի Ռուսաստան տանելու ձգտումն է և հավատարմությունը Ռուսաստանին. «Ըստ նրանց՝ Ռուսաստանը կցանկանա ունենալ ավելի կախյալ Հայաստան, ուստի կպաշտպանի այն ուժերին, որոնք խոստանում են ավելի մեծ կախվածություն Ռուսաստանից»: Նրա կարծիքով ևս՝ այս քաղաքականությունը չի բերելու հաջողության. «Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ռուսաստանի համար որպես գործընկեր ավելի նախընտրելի է որոշակի չափով ինքնիշխան Հայաստանը, քան Ռուսաստանից ածանցյալ և կախյալ Հայաստանը: Այսինքն՝ Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի վասալացումը»: Քաղաքագետը հավելեց, որ Քոչարյանը գտնվում է ռուսական պրոպագանդիստական հոսանքների ազդեցության տակ. «Իրականում այսօր աշխարհի կառուցվածքն այնպիսին է, որ կա մեկ դոմինանտ ուժ՝ ԱՄՆ-ը: Բազմաբևեռ աշխարհի մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ ԱՄՆ-ի հզորությունը դեռևս դրա հնարավորությունը չի տալիս: Իսկ Քոչարյանի համար «հավասարակշռված քաղաքականություն»-ը նշանակում է միակողմանի ընտրություն կատարել»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: