Վանեցյանի հեռացումն այլընտրանք չունի. Օրենքի մարդու «դետոչկինյան պռավալը»

Վանեցյանի հեռացումն այլընտրանք չունի. Օրենքի մարդու «դետոչկինյան պռավալը»

ՀՖՖ գործկոմը երեկ Աբրահամ Խաշմանյանին հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ընթացակարգային և կանոնակարգային խախտում թույլ տալով՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Խաշմանյանին միանձնյա նշանակել էր ազգային թիմի գլխավոր մարզիչ, մինչդեռ, համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ կետի, գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Ժողովի կողմից 26.06.2019թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Երեկվա գործկոմի նիստից հետո Վանեցյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարեց, որ տեղի է ունեցել իրավական կազուս: «2019 թվականի հունիսի 26-ին տեղի էր ունեցել ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել էր ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի՝ Ֆեդերացիայի նախագահը կարող է նշանակել բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներին: Համաձայն Արդարադատության պետական ռեգիստրի՝ այդ կանոնակարգը պետք է ներկայացվեր և 10 օրվա ընթացքում հաստատվեր ռեգիստրում: Սակայն ՀՖՖ աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրել է հոկտեմբերի 25-ին»,- նշել էր Վանեցյանը: Ու փաստորեն, ըստ էության ընդունելով, որ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշանակվել է օրենքի խախտումով, Վանեցյանը կատարվածի ողջ մեղքը բարդեց մի աշխատակցի վրա, որի անունը չի նշել: Դե բնական է, Վանեցյանը հո չէ՞ր ասելու՝ օրենք եմ խախտել ու առանց գործկոմի կարծիքը հաշվի առնելու մարզիչ նշանակել: Իսկ որ Վանեցյանը մարզիչ է նշանակել առանց գործկոմի հետ խորհրդակցելու՝ երեկ վերջնականապես համոզվեցինք: «Մենք անակնկալի ենք եկել ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում զետեղված տեղեկությունից, քանի որ մենք հստակ գիտեինք կանոնակարգը, որի համաձայն՝ առանց գործկոմի մարզիչ նշանակվել չի կարող: Մենք նորմալ չենք համարում ՀՖՖ պաշտոնական կայքից իմանալ, որ ազգային հավաքականն ունի գլխավոր մարզիչ կանոնակարգային խախտումներով»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը: Վերջինս նշեց նաև, որ նիստի ժամանակ արձանագրվել է, որ նոյեմբերի 6-ին Խաշմանյանի նշանակումը տեղի է ունեցել կանոնակարգի խախտումով: Տեղի ունեցած զարգացումներից հետո հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. ՀՖՖ նախագահը թույլ է տվել կանոնակարգային կոպտագույն խախտում՝ անտեսելով գործադիր կոմիտեին: Վանեցյանի քայլը ընդունելի չէ նաև բարոյական տեսանկյունից: Գործկոմի անդամները ակնհայտորեն արհամարհվել են: Չմոռանանք նաև օրեր առաջ Ալեքսանդր Գրիգորյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մտադրությունը: Տեղի ունեցածից հետո գործկոմի անդամները պարտավոր են ֆորմալ կերպով անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահին: Վանեցյանի՝ Խաշմանյանին միանձնյա հավաքականի մարզիչ նշանակելուց հետո տեղի ունեցած զարգացումները ապացույցն են նրա, որ Վանեցյանը չի վայելում ֆուտբոլային խորհրդի անդամներից շատերի վստահությունը: Ինչ վերաբերում է երեկ կայացած նիստին, ստեղծված իրավիճակում այն պետք է համարել հրատապ, որտեղ պետք է որոշվեր Հայաստանի ազգային հավաքականի ճակատագիրը: Մեկ շաբաթ անց մեր գլխավոր թիմը պաշտոնական հանդիպում է անցկացնելու Հունաստանի հետ, և խաղից օրեր առաջ ուղղակի չունեինք մարզիչ: Երեկվա որոշումը պետք է համարել միանշանակ ճիշտ և կառուցողական: Խաշմանյանն արժանի էր դառնալ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, և օգտվելով առիթից՝ հաջողություն ենք մաղթում նրան: Երեկա նիստը, սակայն, որևէ կապ չուներ Վանեցյանի հետագա պաշտոնավարման հարցի բարձրացման հետ: ՀՖՖ նախագահը, մեղադրելով անպարտաճանաչ աշխատակցին, հայտարարում է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, իրավական կազուս: Նման հայտարարություն անում է, ժողովրդի լեզվով ասած, օրենքի մարդը, որը ամիսներ առաջ զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Այս հայտարարությունից հետո ակամայից հիշեցինք հայտնի «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հերոս Յուրի Դետոչկինին: Վերջինս աշխատանքից բացակայելը բացատրում էր հիվանդ բարեկամ ունենալով: Արդեն իսկ պարզ է, որ Վանեցյանի «դետոչկինյան» մանյորվը չի կարող որևէ արդարացում ունենալ: ՀՖՖ նախագահի պաշտոնանկության հարցը շարունակում է մնալ օրակարգային, և անհրաժեշտ են հստակ քայլեր նրան պաշտոնանկ անելու համար: Խնդիրը միայն վերջին իրադարձությունները չեն: Հայկական ֆուտբոլում արատավոր երևույթներն օր օրի ահագնանում են. մրցավարական կոլապս, հայհոյանքներ և քաշքշուկ, պայմանավորված հանդիպումներ: Վանեցյանը ամենևին էլ մտադիր չէ պատժել մեղավորներին: Վառ օրինակը «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանն է, որի ոչ կոռեկտ պահվածքի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կազմած արձանագրությունը անտեսվեց Վանեցյանի կողմից: