Թուրքական իշխանություններն ԻՊ-ի «ներքին աշխատանքի» գաղտնիքներն իմացել են ալ Բաղդադիի կնոջից

Թուրքական իշխանություններն ԻՊ-ի «ներքին աշխատանքի» գաղտնիքներն իմացել են ալ Բաղդադիի կնոջից

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ոչնչացված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի կինը բազմաթիվ տեղեկություններ է հայտնել ԴԱԻՇ-ի «ներքին աշխատանքի» վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է interfax-ը, նոյեմբերի 7-ին գրում են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով թուրքական իշխանությունների ներկայացուցիչներին: Կինը 2018 թվականի հունիսի 2-ին Թուրքիայի հարավի Հաթայի մարզում ձերբակալվել էր ԴԱԻՇ-ի պարագլխի ևս 10 ազգականների հետ: «Մենք բավականին արագ պարզեցինք (ալ Բաղդադիի կնոջ) անձը»,-ասել է թուրքական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կինը կամավոր տեղեկություններ է հայտնել ալ Բաղդադիի, ինչպես նաև ԴԱԻՇ-ի գործունեության վերաբերյալ: «Մենք կարողացել ենք շատ բան հաստատել այն ամենից, ինչը մենք արդեն գիտեինք: Մենք նաև ստացել են նոր տեղեկատվություն, որը հանգեցրել է մի շարք լրացուցիչ ձերբակալությունների»,- նշել է պաշտոնյան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունների աշխատակիցները բռնել են Ալ Բաղդադիի կնոջը: «Մենք բռնել ենք Ալ Բաղդադիի կնոջը, բայց աղմուկ չենք բարձրացրել դրա պատճառով: Ես այդ մասին պատմում եմ առաջին անգամ»,- հայտարարել էր նա, որի խոսքը նոյեմբերի 6-ին մեջբերել են թուրքական ԶԼՄ-ները: