Թոքմաջյանի ձախողված բնակարանաշինությունը. ինչ փուլում է ծրագիրը. «Ժողովուրդ»

Թոքմաջյանի ձախողված բնակարանաշինությունը. ինչ փուլում է ծրագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում թափ առնող սոցիալական բնակարաշինությունը շատերի կողմից որակվում է որպես աննախադեպ իրադարձություն: Տարբեր տարիներին՝ սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեցել են նաև բուհերը, այդ թվում՝ Ճարտարապետաշինարարական համալսարանը: Պարզվում է, որ 2013թ-ից սույն բուհի կողմից Նորքի Արմենակյան 125 հասցեում սկսվել է բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակն էր բնակարանով ապահովել բուհի երիտասարդ մասնագետներին, սակայն ծրագիրը մինչ օրս անավարտ է: Ըստ շահառուներից մեկի ՝ 2016թ-ից շինարարությունը դադարեցված է, մինչդեռ պարզվում է՝ անգամ համալսարանի սեփական միջոցներից որպես աջակցություն գումարներ էին տրամադրվել հավանական շահառուներին: Ավելի ուշ պարզվել է՝ սոցիալական համարվող այս ծրագրում որպես շահառուներ ընդգրկվել են հիմնականում այն ժամանակվա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ընտանիքի անդամներ, հարազատներ ու իր հետ անձնական կապ ունեցող անձինք, որին նախորդել էր շենքի կառուցապատման իրավունքը համալսարնից Թոքմաջյանի կողմից ստեղծված «Ինժեներ Լիգա» ընկերությանը փոխանցելը: Կարևոր մեկ հանգամանք ևս՝ շենքի տարածքը գտնվում է վերջինիս մշտական բնակության վայր հանդիսացող, նախկինում գերատեսչական մարմնի պատկանած վարչական շենքի հարևանությամբ: Այդ տարածքում ժամանակի ընթացքում կառուցվել է շենք, ուր բնակվում են նախկին ռեկտորի ընտանիքի անդամներ և մտերիմներ: Տպավորություն է ստեղծվում, որ սոցիալական բնակարանշինություն կոչված այս ծրագիրը ծառայել է ոչ թե սկզբնական նպատակին, այլ՝ ոմանց անձնական շահերին: Հետաքրքրական մեկ փաստ ևս՝ պարզվում է՝ դեռևս 2016թ-ի ապրիլ ամսից ապօրինաբար ապամոնտաժվել է վերոնշյալ շենքի կառուցման վրա աշխատող վերամբարձ կռունկը և որպես մետաղի ջարդոն մինչ օրս գտնվում է նշյալ տարածքում՝ խանգարելով բնակիչներին: Տարածքի բնակիչներից մեզ հայտնեցին, որ կռունկի ապամոնտաժման ժամանակ պատկան մարմինները, այդ թվում՝ ոստիկաններն ու ԱԻՆ-ը, չեն իրականացրել իրենց պարտականություններից բխող անհրաժեշտ քայլեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: