Հալեպն ամեն հնարավորը կանի աջակցելու Թուրքիայի գործողություններից տուժածներին. Ժիրայր Ռեիսյան

Հալեպն ամեն հնարավորը կանի աջակցելու Թուրքիայի գործողություններից տուժածներին. Ժիրայր Ռեիսյան

Սիրիայի ժողովրդի համար անընդունելի է Թուրքիայի գործողությունները. դա ոտնձգություն է Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: Այս մասին նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: «Սիրիան ոչ առիթ է տալիս, ոչ էլ ընդունելի է համարում նման ոտնձգությունը: Սիրիան անվիճելիորեն մնում է հաստատակամ ազատագրելու իր հողային տարածքներն: Ակնհայտ է, որ վտանգներ կան, և մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել բոլոր տուժածներին՝ լինեն հայեր, թե այլ ազգի ներկայացուցիչներ»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը: Նա ընդգծեց, որ Թուրքիայի այս գործողությունները կհանգեցնեն անկայունության, ինչին էլ հենց ձգտում է պաշտոնական Անկարան: «Թուրքիայի ցանկությունն է դա: Այս ամբողջ ընթացքում շատ հստակ հակասիրիական քաղաքականության մեջ է եղել և միշտ փորձել է պղտոր ջրում ձուկ որսալ: Սիրիացի ժողովուրդն իր իրավունքը վերականգնելու հարցում հաստատակամ է»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը: Այն հարցին, թե արդյոք կան կոնկրետ տվյալներ Թուրքիայի կողմից ներխուժված տարածքներում բնակվող հայերի թվի մասին, Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ դժվար է ասել, քանի որ գրեթե հայաթափված շրջաններ էին: Քիչ թվով ընտանիքներ են մնացել: «Ինձ համար մտահոգիչ էր այն, որ Կամիշլի շրջանը ևս թիրախավորված է, որտեղ տուժողներ կան: Անկասկած Հալեպն ամեն հնարավորն անելու է, որ ոչ մի հայ, կամ այլ ազգի ներկայացուցիչ դժվարությունների առջև չմնա»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ: