Վրաստանի դիլեման. երևանյան գործընթացն ու Բաքվի էքսպանսիան

Վրաստանի դիլեման. երևանյան գործընթացն ու Բաքվի էքսպանսիան

Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի Վրաստանի նոր վարչապետ Գիորգի Գախարիան, որը շաբաթներ առաջ նշանակվեց այդ պաշտոնին՝ Մամուկա Բախտաձեի անսպասելի հեռանալուց հետո: Գախարիան մինչ այդ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նրա փոփոխությունը փորձագետները պատճառաբանում են 2020 թվականին սպասվող խորհրդարանի ընտրությամբ և դրան ընդառաջ «Վրացական երազանքն» ուժեղացնելու այդ միավորի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ակնկալիքով, ինչի համար էլ Իվանիշվիլին նախաձեռնեց վարչապետի փոփոխություն: Այդուհանդերձ, չնայած ներքին շարժառիթներին, որոնց մասին խոսվում է, Գախարիայի առաջին արտաքին այցերի շրջանակը հուշում է, որ Վրաստանում տեղի ունեցած փոփոխությունն իր վրա կրում է նաև ռեգիոնալ քաղաքական իրողությունների ազդեցություն և ունի վերագնահատման միտում: Մասնավորապես, Վրաստանի նոր վարչապետի առաջին երեք այցերը տեղի են ունենում Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա: Եվ հետո միայն Գախարիան կայցելի Բրյուսել: Սա ամենևին չի նշանակում Թբիլիսիի եվրաատլանտյան ինտեգրացիոն կուրսի վերանայում: Դա պարզապես նշանակում է, որ Վրաստանը բավական արդիական է գնահատում ռեգիոնալ իրավիճակն ու դրա հետ կապված քայլերի անհրաժեշտությունը: Հոկտեմբերի 9-ին Գախարիան այցելել է Ադրբեջան, սակայն այդ այցը, ըստ ամենայնի, ոչ թե ռեգիոնալ առաջնահերթության, այլ Վրաստանի լուրջ խնդիրների և մարտահրավերների դրսևորում է: Օրերս տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը սահմանապահ զորակայան է կառուցել Վրաստանի հետ սահմանի՝ Դավիդ Գարեջիի վանական համալիրին հարող տարածքում: Իսկ ադրբեջանական սահմանապահ զորքերը գործնականում ունեն ցամաքային զինուժին բնորոշ սպառազինություն: Համալիրի մի հատվածը, ինչպես հայտնի է, ադրբեջանական տարածքում է, իսկ Բաքուն այն դիտարկում է ադրբեջանական մշակույթի տիրույթ՝ աղվանական մշակույթի մաս, որի ժառանգորդ դիտարկում են իրենց: Արդեն ամիսներ շարունակ իրավիճակը այդ հարցի կապակցությամբ բավական լարված է, թեև Վրաստանն առայժմ ձեռնպահ է մնում սուր հարցադրումներից: Բայց ներքին լարվածությունն ակնառու է, և Գախարիային, թերևս, հենց դա է առաջինը տարել Բաքու: Եվ անկասկած է նաև, որ Բաքվում այդ հարցը չի լուծվելու, քանի որ խնդիրը վանական համալիրը չէ, այլ դա Բաքվի համար ևս մի առիթ է Վրաստանի նկատմամբ, այսպես ասած, քաղաքական գերակայության հասնելու համար: Հատկանշական է, որ Գախարիան Հայաստան գալու է Ադրբեջան այցից հետո: Բանն այն է, որ անվտանգության և քաղաքական դիմադրունակության հարցում Հայաստանը Թբիլիսիի անփոխարինելի և գործնականում միակ ռեգիոնալ դաշնակիցն է: Գարեջիի հարցում Հայաստանը, իհարկե, չի կարող օգնել, սակայն ինչպես նշեցի, խնդիրը շատ ավելի լայն ռազմավարական համատեքստ ունի, և այստեղ Վրաստանը չունի այլ դաշնակից, քան Հայաստանը: Ըստ այդմ, Գախարիան Բաքվում նախ կփորձի հասկանալ ռիսկի կամ մարտահրավերի, այսպես ասած, որոշակի ծավալն ու սահմանը, որից հետո Երևանում կարող է քննարկել, թե Վրաստանն ինչպես կարող է դիմակայել դրան, և Հայաստանն ինչպես կարող է աջակցել այդ հարցում, հայ-վրացական գործակցության ինչ դրսևորում է անհրաժեշտ Ադրբեջանին կանգնեցնելու և հակազդելու Վրաստանի կարողությունը բարձրացնելու համար: Դա, թերևս, Գախարիային անհրաժեշտ կլինի արդեն Ալիևի «ավագ եղբոր»՝ Թուրքիայի հետ քննարկումներում ավելի ինքնավստահ լինելու համար, քանի որ ակնհայտ է, որ Բաքուն որևէ հավակնություն Վրաստանի նկատմամբ չէր դրսևորի, եթե չունենար Թուրքիայի հավանությունը: Ռեգիոնալ այս իրողության ներքո իհարկե գտնվում են նաև ռազմա-քաղաքական իրադրության զարգացման մի շարք այլ շերտեր, ու Վրաստանի վարչապետի առաջին արտերկրյա այցերի այդ շրջանակը կամ «երթուղին» հուշում է, որ առաջիկա հեռանկարում ռեգիոնալ զարգացումները պահանջելու են բավականին անմիջական և օպերատիվ ուշադրություն, ինչի մասին է վկայում Թբիլիսիի ռազմավարական կուրսի որոշակի «ստորադասումը» ռեգիոնալ «երթուղուն»: Այդ հանգամանքը հատկանշական է հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած փաստացի ռեգիոնալ Վեհաժողովը՝ Հայաստանի, ՌԴ և Իրանի առաջին դեմքերի մասնակցությամբ, որի պայմաններում գործնականում հնարավոր է խոսել պայմանական ասած՝ երևանյան գործընթացի մասին: Վրաստանի վարչապետն ըստ երևույթին պետք է հասկանա՝ միանա՞լ դրան, թե՞ ոչ: Կամ գուցե հարցը այլ կերպ է՝ ինչ օրակարգով միանալ: