Որևէ մեկն իրավունք չունի խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի․ Բալասանյանը չի ներկայացնում Ստեփանակերտի տեսակետը

Որևէ մեկն իրավունք չունի խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի․ Բալասանյանը չի ներկայացնում Ստեփանակերտի տեսակետը

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը livenews.am կայքում հրապարակված հարցազրույցում օրինականության հետ կապված խիստ վիճահարույց մտքեր է հայտնել։ Վիտալի Բալասանյանի նշանակետում հայտնվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները լոկ իր անձնական կարծիքն են։ «Այդ հայտարարությունը որևէ կապ չունի պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի կարծիքի հետ։ Ես կարծում եմ և համոզված եմ, որ բոլորի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր երկու ժողովուրդների միասնականությունը լինի ուժեղ, անսասան։ Որևէ մեկին իրավունք չի վերապահված խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի, ինչ ճանապարհ ուզում է՝ անցած լինի։ Կարևոր չէ՝ այդ մարդը կլինի Արցախից, Հայաստանից, թե Սփյուռքից։ Հետևաբար, բոլորը պետք է դա ընդունեն որպես հրամայական, ոչ թե քմահաճույք»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Իսկ դատապարտո՞ւմ է Դավիթ Բաբայանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը։ «Ես դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը խարխլում է մեր միասնականությունը, դատապարտում եմ թշնամանքը, որը ճեղք է առաջացնում մեր հասարակական-քաղաքական դաշտում։ Դատապարտում եմ հախվերդյանատիպերի, նաև մյուս դավաճանական հայտարարությունները»,- արձագանքեց Դավիթ Բաբայանը։ Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Վիտալի Բալասանյանը նման հայտարարություն անում։ «Ես չեմ կարող պատասխանել, ես իրավասու չեմ պատասխանել տարբեր մարդկանց անձնական կարծիքներին։ Այստեղից՝ Ստեփանակերտից, թշնամու դիրքերն են երևում, և սրա՛ մասին է պետք մտածել, ոչ թե իրար կոկորդ կրծելու։ Ես կողմնակից եմ, որ նման հայտարարությունների համար բոլորը պատասխան տան, նաև նրանք, ովքեր, օրինակ, ղարաբաղցիներին թուրք են անվանում։ Եվ պետք է պատասխան տան ոչ միայն բարոյական, այլև իրավական հարթությունում»,- ասաց Դավիթ Բաբայանը։