Էժան թատրոն է․ հերոսի կոչում են տվել մարդկանց, որոնք երկիրը մեծ-մեծ կտորներով ծախել են

«Հայաստանում գզվրտոցներ կարող են լինել և կան, բայց դրանք չի կարելի այնքան լրջացնել, որ հասնեն ընդհարումների ու թշնամանքի: Արհեստական լարում են մտցնում «հնոտիները»՝ մտածելակերպով հները»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: «Տարբեր մտածելակերպի հայ մարդիկ կան: Ինձ զայրացնում է, երբ սկսում են խանգարել, իսկ խանգարողներն այսօր շատ են: Ի՞նչ է իրենց ուզածը. ո՛չ գաղափար ունեն, ո՛չ հայրենասեր են, որ հայրենասիրությունից խոսեն: Ձեր մտածած հայրենիքից մեծ կտորներով ծախեցիք, հայրենիքի 100 զավակ անիմաստ տեղը զոհ տվեցիք, հայրենիքից միլիարդավոր գումարներ առաք-տարաք արտասահմանյան բանկերում պահ տվեցիք, հարստություններ դիզեցիք: Բացառում եմ այս մարդկանց հայրենասիրությունը, ովքեր ավազակապետության հիմքերում են կանգնած եղել, կոռուպցիոն համակարգի առաջնորդներն են եղել, հիմա ի՞նչ են ուզում նոր Հայաստանից… Այս արգելակողների կռիվը նյութն է ու իրենց նյութի կորուստը»,- նշեց ռեժիսորը և կոչ արեց. «Ձայններդ կտրե՛ք, նստե՛ք տեղներդ, ձեր կառավարած երկրում քավոր-սանիկներն ավելի շատ էին, քան մասնագետները, էլ ինչի՞ց եք խոսում, թողեք երիտասարդները գան, բանիմաց ու գիտակ մարդիկ ընդունվեն աշխատանքի, այսօր կան բացթողումներ, բայց ամեն ինչ դեպի լավն է գնում»: Հ. Վարդանյանը, անդրադառնալով վերջին օրերի հայտարարություններին, նշեց, որ մեր երկրի զարգացումը ձեռնտու չէ Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, և եթե այս հայտարարություններ անողները նրանց ջրաղացին են ջուր լցնում, ապա թշնամություն են անում մեր պետությանը, նորաստեղծ կառավարությանը և նոր ճանապարհ բռնած երկրին են դեմ դուրս եկել: «Ի՞նչ հայտարարություններ, ի՞նչ հաթաթաներ եք տալիս,- նշեց մեր զրուցակիցը՝ մասնավորապես անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը և նշելով, որ երբ չափն անցնում են, դիմացը փակել է պետք, որ այդ «վարակը» չտարածվի: «Գեներալի կոչում են տվել մարդկանց, ովքեր երրորդ դասարանի կրթություն էլ չունեին, որոնք պահածոյի գող դարձան…, գեներալ դառնալու համար լուրջ ճանապարհ պետք է անցնել: Մեր իսկական գեներալները երևի մարտի դաշտում մնացին, ովքեր կարող էին գեներալի պատիվն ու կարգավիճակը բարձր պահել… Ինչպե՞ս կարող է գեներալը իրեն թույլ տալ հաթաթաներ տալ, սպառնալ, թե այս կանեմ, այն կանեմ, ո՞վ ես դու…»: «Հերո՞ս… Այդ հերոս բառն այնքան արժեզրկեցին… Էժան թատրոն է․ հերոսի կոչում են տվել մարդկանց, որոնք երկիրը կեղեքել են, ծախել են, ժողովուրդ են ծեծել…»,- նշեց ռեժիսորը՝ ընդգծելով՝ տեսեք՝ ձեր հերոսի մեջ ո՞վ է ապրում: Բաժանանար գծեր են մտցրել, ժողովրդին հաթաթաներ են տալիս իրենց գրպանի ու շահի համար. «Սա բողազի կռիվ ա, տակը հայրենասիրություն չկա»: Մանրամասն՝ տեսանյութում: