Արմեն Սարգսյանն ընդունել է IEEE Computer Society-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահներին

Արմեն Սարգսյանն ընդունել է IEEE Computer Society-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում կարող է անել ավելին՝ հաշվի առնելով առկա ներուժը: Նա պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել ոլորտում իրականացվող ծրագրերին ու նորարարական նախաձեռնություններին՝ նշելով, որ ապագան կապված է դրանց հետ: IEEE Computer Society-ն համակարգչային ինժեներիայի և ծրագրավորողների համաշխարհային կազմակերպություն է, որն ունի ավելի քան 81 հազար անդամ ողջ աշխարհում: Ամեն տարի այն կազմակերպում է համաժողովներ, իրականացնում կրթական ծրագրեր, հրատարակում ոլորտին առնչվող տարբեր նյութեր: