Վիտալի Բալասանյանը ահաբեկչության մասին հայտարարություն է արել․ Արցախի իրավապահները պետք է արձագանքեն

«Բոլորս գիտենք, որ Լեռնային Ղարաբաղում նախընտրական կամպանիան սկսվել է, և արդեն կային թեկնածուներ, և երեկ էլ Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ ինքը առաջադրելու է իր թեկնածությունը: Եվ Վիտալի Բալասանյանը տեսնում է, որ իր շանսերը գնալով փոքրանում են, ու պետք է քաղաքական ինչ-որ մեխանիզմ կիրառեր ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Նրա այսպիսի կոշտ, պրովոկացիոն հայտարարությունը ես դիտարկում եմ հենց այդ կոնտեքստում: Այլ հարց է, թե որքանով է հարիր իր ընտրած ճանապարհը, բայց ինքնէ ընտրել այդ հիմար ճանապարհը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի՝ հարցազրույցում հնչեցրած արտահայտություններին: Սարո Սարոյանի խոսքով՝ այդ հայտարարությամբ Բալասանյանը կարող է թվացյալ արմատական ընդդիմության ինչ-որ տպավորություն ստեղծել, բայց դրանից ավելի ոչինչ չի լինի. «Դա վա-բանկ գնալու ինչ-որ քայլ էր»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ Արցախում ինչ-որ մի խումբ և Հայաստանում էլ նրանց հետ կապված ինչ-որ խմբակ չափազանց մտահոգվում են, որ օղակը գնալով սեղմվում է: «Հատկապես ԱԱԾ պետի հրաժարականից հետո մենք տեսանք մեղադրանքների, քրգործերի  հարուցման մի ամբողջ հրավառություն, փաթեթ: Մարդիկ Արցախում և նաև մեզ մոտ անհանգստացած են ազատություն, ունեցվածք կորցնելու խնդրով, նաև՝ նախկինում արած հանցագործությունների համար պատժվելու վախով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետի խոսքով՝ նրանք երբեք չեն ապրել Արցախ, Հայաստան վեհ գաղափարներով. «Այդ քողածածկույթով նրանք ուզում են փրկել իրենց թալանածը, իրենց կուտակածը, իրենց կյանքն ու ազատությունը»: Ստեփան Սաֆարյանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը համարում է հայտարարություն ահաբեկչություն կազմակերպելու մասին. «Պարոն Վիտալի Բալասանյանը արել է մի հայտարարություն, որն ընկնում է Քրեական օրենսգրքի տակ, որովհետև նա չի կարող հանդես գալ ո՛չ Արցախի պետության անունից, ո՛չ Հայաստանի պետության անունից, ո՛չ Արցախի ժողովրդի և ոչ էլ Հայաստանի ժողովրդի անունից: Նա ընդամենը հավակնորդ է, անհատ անձ, որին որևէ մեկը իրավունք չի վերապահել ահաբեկչության եղանակով տապալելու Հայաստանի ժողովրդի միանգամայն օրինական ընտրված իշխանությանը: Իսկ նրա հայտարարությունը կրկին Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին է»: Քաղաքագետի խոսքով՝ պարոն Բալասանյանի հայտարարությունը պետք է պատասխանի արժանանա առաջին հերթին Արցախի իրավապահ մարմինների կողմից:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: