Տեղեկատվական դիվերսիա պետության դեմ

Տեղեկատվական դիվերսիա պետության դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է որակել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները, որ շրջանառվել էին հոկտեմբերի 8-ին որոշ կայքերում: Տոնոյանի հնարավոր պաշտոնանկության մասին խոսվում էր ավելի վաղ, ավելի շուտ հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխության շրջանում: Այդ ժամանակ դրանք հերքվեցին, բայց փաստորեն շարունակվում են նույն համառությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին որոշ կայքեր տարածել էին որպես արդեն կարծես տեղի ունեցած իրողություն: Եվ ահա, վարչապետ Փաշինյանը անհեթեթություն է որակել այդ լուրերը: Սակայն, իհարկե, այստեղ առնվազն հարց է առաջանում՝ գործ ունենք անհեթեթությունների՞, թե՞ պետական անվտանգության տեսանկյունից բավականին լուրջ մարտահրավերների և ռիսկերի հետ, որ առաջանում են այդօրինակ տեղեկությունների տարածումով: Ի վերջո ակնառու է, որ այդօրինակ տեղեկությունները բավականին անորոշություն և կարկամություն են առաջացնում այն ոլորտներում, որոնց ղեկավարների մասին է խոսքը: Իսկ տվյալ պարագայում խոսքը մի ոլորտի մասին է, որը չափազանց առանձնահատուկ և կարևոր է ցանկացած պետության և բազմակի ավելի՝ պատերազմող պետության պարագայում: Ըստ այդմ, տեղի ունեցողն այլ բան չէ, քան տեղեկատվական դիվերսիա ոչ թե քաղաքական իշխանության, այլ պարզապես պետության դեմ, և այն անհեթեթություն որակելը թերևս մեղմ գնահատական է: Ակնառու է, որ Հայաստանի ներքին կյանքը թևակոխել է մի փուլ, որտեղ առավել ուժգին բնույթ է ստացել իշխանությանը հայտարարված տեղեկատվական պատերազմը: Բայց եթե տեղեկատվական պատերազմը 21-րդ դարում քաղաքական մրցապայքարի բաղկացուցիչ է՝ դուր գա դա որևէ մեկին, թե ոչ, ի վերջո՝ տեխնոլոգիական դարաշրջանի առանձնահատկություն է, այդուհանդերձ իրավիճակը էապես փոխվում է, երբ այդ պատերազմն անցնում է քաղաքական սահմանները և հասնում ընդհուպ պետական անվտանգության սահմանին կամ երբեմն նույնիսկ անցնում այն: Այդ պարագայում երևույթը ստանում է տեղեկատվական դիվերսիայի կամ սադրանքի բնույթ, սադրանք նաև այն իմաստով, որ կարող է հարուցել հանրային պատասխան արձագանք՝ հաշվի առնելով ներկայիս մթնոլորտի առանձնահատկությունները: Ակնհայտ է, որ այդ խնդիրը պահանջում է լուծում, և քաղաքական իշխանությունն այստեղ ոչ միայն իրավիճակային պարզաբանումներ պետք է տա, այլ նաև ինստիտուցիոնալ երկարաժամկետ լուծումներ, որոնք չսահմանափակելով մամուլի ազատությունը՝ կարգելափակեն պետության դեմ տեղեկատվական դիվերսիայի հնարավորությունը: