Փաշինյանը ստիպված գնում է ցավոտ որոշման. այս խնդիրը կհանգեցնի ներիշխանական ճգնաժամի

Եթե Ամուլսարի հարցը մոտենում է որոշակի եզրագծի, ապա հարկ է նկատել, որ Հայաստանի քաղաքական դաշտի գծագրումը մեկնարկում է այդ եզրագծով: Ներքին կյանքում լայն թափով սկսել է քաղաքական դիրքավորման գործընթաց: Այստեղ առանցքային է այն, որ քաղաքական բոլոր հավակնորդները դիրքավորվում են նոր իշխանության մերժման սկզբունքով, իսկ դա հօգուտ իշխանության է, թեև առերևույթ կարող է թվալ հակառակը: Հօգուտ է ոչ այն պատճառով, որ հեղափոխական գործընթացի արդյունքում ձևավորված իշխանությանը մերժելն անհեռանկար է, հանրությունը չի միանա մերժմանը, ուստի շատ բարդ կլինի դիտարկել Արմեն Աշոտյանի ակնարկած պղտոր ջրի ձկնորսներին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյան, քաղաքագետ Արմեն Վարդանյանը: Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարությանն առաջարկել է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարել Ամուլսարի հարցով ստուգումներ իրականացնել: Եվ այսօր, ի պաշտպանություն Ամուլսարի, բողոքի ակցիաներ են իրականացվել Երևանում: «Խնդիրը բավական ծանրացել է»,- նկատեց Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով, որ պետք է ավելի կոնկրետ և առարկայական քայլեր արվեին, որպեսզի իրավիճակն այսքան չբարդանար: Շրջակա միջավայրի նախարարության գործողությունը վարչապետի «լայվի» տրամաբանության շրջանակում է: Այսօր վարչապետը կրկին անդրադարձավ այդ խնդրին խորհրդարանում՝ ասելով, որ իրավական հիմքեր չկան հանքի շահագործումը դադարեցնելու համար: Ստացվում է, որ առանց իրավական հիմքի է փակվել հանքի ճանապարհը»: Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Ամուլսարի խնդիրը կարող է վերածվել ներքաղաքական և ներիշխանական ճգնաժամի: «Կան նաև ուժեր, որոնք ուզում են այս պղտոր ջրում ձուկ որսալ: Սա մի խնդիր է, որը Ն. Փաշինյանը փորձում էր լուծել, բայց չկարողացավ… Այս խնդիրը բազմաշերտ է, ներառում է և՛ դրսի ուժերին, և՛ ներսի, վարչապետը ցանկանում էր համընդհանուր, բոլորի համար ընդունելի որոշում կայացնել, բայց հասկացավ, որ կան քաղաքական ուժեր և բնապահպաններ, որոնք որևէ կերպ չեն ցանկանում գնալ փոխզիջման, և ստիպված էր գնալ այդ ցավոտ որոշմանը»,- ընդգծեց քաղաքագետը: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Ն. Փաշինյանը ոչ թե փոխզիջում էր փնտրում, այլ ճշմարտության բացահայտում, և հենց որ դա պարզ դարձավ, քայլ արեց: Հակոբ Բադալյանը հավելեց, որ, անշուշտ, կան հանգամանքներ, որոնք հրապարակման ենթակա չեն. «Վարչապետը տիրապետում է տեղեկատվության, որին շատ քիչ մարդիկ կարող են տիրապետել, սա բնական է այսպիսի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրի դեպքում՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական համատեքստը, որը բավական ակնառու է»: Մանրամասն՝ տեսանյութում: