Այնքան շատ էինք խոսում, թե պատրաստվում են վաճառել Արցախը, որ չնկատեցինք ինչպես վաճառվեց Հայաստանը

«Ամուլսարի պատմությունը բացահայտեց շատ խոր պրոբլեմներ, որոնց մեջ խրված է մեր երկիրը. մեր ինքնիշխանության, մեր ապագայի հարցը… Ցավոք, մենք այնքան էլ պատրաստ չենք բաց աչքերով նայելու և ճիշտ ախտորոշում տալու: Մենք այնքան շատ էինք խոսում, թե տարբեր իշխանավորներ պատրաստվում են վաճառել Ղարաբաղը, որ չնակատեցինք, թե ինչպես վաճառվեց Հայաստանը: Մենք ինքնիշխան պետություն չենք, երկիր ենք, որն իր ուժերով չի կարող պաշտպանել հարավային սահմանը, երկիր ենք, որը պարտքերի մեջ խրված է և շարունակում է մեծ վարկեր վերցնել, որպեսզի զինամթերք գնի… Իրականում մենք ոչ մի կերպ չենք կարող գիտակցել, որ պատերազմը ստրկություն է, խաղաղությունը՝ ազատություն: Մենք մեր իշխանավորներին չենք ողղում ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս ենք պատրաստվում դուրս գալ այս պատերազմական իրավիճակից…»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ թե՛ մարդու, թե՛ պետության համար կարևոր հատկություն է ներկա իրավիճակը սթափ գնահատելու ունակությունը: «Եթե մենք խնդիր դնենք, թե մեր երկիրը ուզո՞ւմ ենք ապագայում տեսնել որպես մի երկիր, որտեղ կուզենանք ապրեն մեր երեխաները, այդ ժամանակ կկարողանանք որոշել՝ ինչ անել: Եթե մենք տեսնում ենք մեր երկիրը մշտապես այս կարգավիճակում, նոր հանքեր էլ կբացենք. սա արագ գումար բերող ձև է: Մենք չունենք երկարաժամկետ ծրագիր և չենք էլ կարող ունենալ, քանի դեռ չենք պատասխանել ամենակարևոր հարցին՝ ինչպես ենք պատրաստվում ավարտել պատերազմը,- նշեց Ռ. Բաբայանը:- Ամուլսարի հետևանքով հիվանդացած սերունդը վաղն ինչպե՞ս է պաշտպանելու հայրենիքի սահմանները»: Մանրամասն՝ տեսանյութում: