Կոտայքի մարզպետն այցելել է Ակունք խոշորացված համայնք

Կոտայքի մարզպետն այցելել է Ակունք խոշորացված համայնք

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր աշխատանքային լայնածավալ այցի շրջանակում Ակունք խոշորացված համայնքում էի: Այցելեցի գրեթե բոլոր բնակավայրերը, ծանոթացա իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շփվեցի բնակիչների հետ: Ուզում եմ նախ պատմել Սևաբերդ և Զովաշեն բարձրլեռնային բնակավայրերում իրականացվող զարգացման ծրագրերի մասին: Սևաբերդ բնակավայրի զարգացմանն ու վերակենդանացմանն ուղղված ծրագրին մանրամասն անդրադարձել եմ: Ներդրողը պատրաստվում է այս գոտին վերածել զբոսաշրջային իսկական կենտրոնի, և ահա առաջին քայլերն արդեն իսկ ակնառու են. Հյուրատան աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Այն ունենալու է բուխարի, սրճարան, համեղ խոհանոց ու մի քանի ընտանիքների ապահովելու է աշխատանքով: Իսկ 18 աշակերտ ունեցող Սևաբերդի դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակը, մեր ամերիկաբնակ հայրենակցուհի Թագուհի Օհանյանի նախաձեռնությամբ, վերանորոգվել է ու մինչև ամսվա վերջ կհամալրվի համակարգիչներով: Այստեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում, նշեցի, որ վերջիններս մտահոգվելու ոչ մի խնդիր չունեն, որովհետև թե՛ ներդրումային, թե՛ մեկենասների միջոցով իրականացվով ծրագրերն ուղղված են միմիայն իրենց կյանքի որակը փոխելուն: Նշեմ նաև, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Սևաբերդ բնակավայրի գազաֆիկացում: Նախահաշվային արժեքը 57.222.710 դրամ, որից համայնքի ներդրումը` 35%: Զովաշեն բնակավայրն էլ շուտով կունենա հրաշալի համայնքային կենտրոն, որը կառուցվում է նորից մեր սիրելի Թագուհի Օհանյանի նախաձեռնությամբ: Կենտրոնն ունենալու է ընդարձակ ընդունելությունների սրահ, գրադարան, կանանց խնամքի սրահ ու ծառայելու է որպես երիտասարդական նախաձեռնությունների ու մշակութային միջոցառումների հարթակ: Այս բնակավայրերում նման ակտիվություն տեսնելը, իսկապես ոգևորիչ է ու հուսադրող, պարզապես եկեք միմյանց աջակցենք, որպեսզի մեկ օր շուտ տեսնենք մեր համայնքների զարգացումն ու առաջխաղացումը»: