Փաշինյանի մոլորությունը. «Կարճ կապենք»

Վարչապետ Փաշինյանը թույլ տվեց իր պաշտոնավարման ընթացքի ամենակոպիտ սխալը՝ դրական գնահատական տալով Ամուլսարի հանքի շահագործմանը։ Խնդիրը միայն Փաշինյանի անձի հետ չէ կապված։ Եթե փորձենք վերլուծել կառավարության վերջին մեկ տարվա գործունեության առանձնահատկությունները, ապա կանգ կառնենք երկու հիմնական մոտեցումների վրա, որոնք են՝ կարճաժամկետ որոշումների կայացում և վիճակագրական մանիպուլյացիա։ Ամուլսարն ահա այս երկու մոտեցումների հետևանքն է, որը մերկացնում է կառավորող թիմի գաղափարական սնանկությունն ու ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը։ Եվ հետաքրքիրն այն է, որ որոշումն այդ բացատրվում է պետական հավասարակշիռ շահով և չարյաց փոքրագույնը ընտրելու անհրաժեշտությամբ: Կարծես թե մենք ՝ որպես երրորդ աշխարհի հետամնաց երկիր, դատապարտված ենք անընդհատ ցավոտ որոշումներ կայացնել։ Խնդիրը վարչապետի ու նրա թիմի քաղաքական հայացքի մեջ է, ի՞նչ պատկեր են նրանք տեսնում՝ ամբողջական խճանկա՞րը, թե՞ դրա առանձին ու փոքրիկ հատվածները։ Եթե հայացքը հատվածային է, ապա Ամուլսարն անշուշտ շահագործվելու է՝ կանաչ լույս վառելով հանքերի էլ ավելի բազմացման համար։ Իսկ եթե վարչապետը տեսնում է ամբողջ խճանկարը, ապա նա առնվազն պետք է արձանագրի հետևյալը․ հանքարդյունաբերությունը Հայաստանում հեռանկար չունեցող ոլորտ է, և կառավարությունը չի կարող շարժվել Հայաստանը մեծ հանքի վերածելու ճանապարհով։ Այլ խոսքով՝ թույլ չտալ, որ տնտեսությունը շարունակի կառչած մնալ հանքարդյունաբերությունից, քանի որ Հայաստանը հանքային ասեղի վրա նստելու ռեսուրսներ չունի։ Իրականում ցավոտ ռեֆորմը հենց սա է, այլ ոչ թե ինչ-որ հանքի շահագործման թույլտվություն տալը։ Հայաստանը չպետք է գլորվի երրորդ աշխարհի այն հետամնաց երկրների շարքը, որոնց գործունեության միակ կերպը բութ գործիքի կարգավիճակով հումք արտահանելն ու հումք ներկրելն է։