Մոսկվան խաղարկում է Քոչարյանի գործոնը Հայաստանի նոր իշխանություններից ավելի մեծ կտոր պոկելու համար

Մոսկվան խաղարկում է Քոչարյանի գործոնը Հայաստանի նոր իշխանություններից ավելի մեծ կտոր պոկելու համար

Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան, կարելի է ասել, հաստատված է։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է այդ մասին ասել լրագրողների հետ զրույցում. «Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը լուրերը, թե Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Սա կլինի թավշյա հեղափոխությունից հետո նրա առաջին այցը Երևան։ Հիշեցնենք՝ մինչ այս Հայաստանում, այսպես կոչված, ընդդիմադիր մամուլը շարունակում է գեներացնել միտքը, որ դժգոհ լինելով Հայաստանի նոր իշխանությունից՝ Պուտինը հրաժարվում է գալ Հայաստան: Խոսվում է մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործի մասին և նույնիսկ տեղեկություն է եղել, թե Պուտինն ուզում է Հայաստան գալ պայմանով, որ կալանավայրում այցելելու է Քոչարյանին: Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ անկախ Քոչարյանի կալանավայրում գտնվելու հանգամանքից՝ ՌԴ նախագահը կայցելի Հայաստան։ «Ռուսաստանի նախագահի և Հայաստանի երկրորդ նախագահի կապն ավելի շատ ֆետիշացվել է քոչարյանական մամուլի կողմից, քան այն իրականում կա։ Թավշյա հեղափոխությունից հետո թեև հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների վրա կային որոշակի հարվածներ, բայց եթե դիտարկում ենք խորքային պատճառները՝ ապա դա Ռուսաստանի շահն էր։ Ռուսաստանը փորձում էր խաղարկել այդ գործոնը Հայաստանի նոր իշխանություններից ավելի մեծ կտոր պոկելու համար։ Դա որոշակի առումով Ռուսաստանի իշխանություններին հաջողվել է, և, որպես օրինակ, կարող եմ նշել Սիրիա հայկական զորքեր ուղարկելու հանգամանքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Ղևոնդյանի՝ իրականում Պուտինի և Քոչարյանի մինչև հուզական կապի առկայությունը չափազանցված է։ Մեր այն դիտարկմանը, թե, այդուհանդերձ, ինչ նշանակություն ունի Պուտինի՝ Երևան կատարելիք այցը՝ որպես առաջին այց թավշյա հեղափոխությունից հետո, քաղաքագետը պատասխանեց. «Ռուսաստանի նախագահի այցելության փաստն այս իշխանությունը կօգտագործի որպես իր վարկանիշն ամրապնդող գործոն և դա նրան կհաջողվի։ Ամենայն հավանականությամբ՝ ՌԴ նախագահի և ՀՀ երկրորդ նախագահի հանդիպում տեղի չի ունենա, ուստի, դա բավականին կնվազեցնի քոչարյանամերձ ուժերի վարկանիշը։ Քոչարյանամերձ լրատվամիջոցները տևական ժամանակ է՝ հայտարարում են, որ ՌԴ նախագահը պայման է դրել, որ կգա Հայաստան, եթե Քոչարյանն ազատության մեջ լինի կամ նրա հետ հանդիպում տեղի ունենա։ Կարծում եմ, որ դրանցից ոչ մեկն էլ իրականում տեղի չի ունենա, և այսպիսով որոշակիորեն կբարձրանա իշխանության վարկանիշը, և կնվազի իշխանության դեմ ուժերի վարկանիշը»։ Միևնույն ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ երբ խոսում ենք իշխանությունների վարկանիշի մասին, կան շատ այլ գործոններ ևս. «Օրինակ՝ Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան, որոնք զուգահեռ այս պրոցեսներին կազդեն իշխանությունների վարկանիշի տատանումների վրա»։ Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ Հայաստանի իշխանությունները, որքան էլ ջանում են Ռուսաստանին իրենց հավատարմությունը ցույց տալ, միևնույն է, խորթ են մնում, քաղաքագետն արձագանքեց. «Բնական է, որ այդ խորթությունը պետք է նկատվեր։ Այդ եվրասիական լիգայի երկրների մեջ միայն Հայաստանն է, որ այս պահին չի գնում լճացման ու ավտորիտար կառավարման ուղիով և հակառակը՝ նկատվում են ժողովրդավարության որոշակի միտումներ։ Թե՛ Ռուսաստանում, թե՛Բելառուսում մենք տեսնում ենք որոշակի լճացում, ժողովրդավարական գործընթացների դոփում, այդ երկրներում առաջընթաց տեղի չի ունենում։ Բնական է, որ եթե կա մի ակումբ, որտեղ բոլորը մի տեսակի են, մնացածն այլ՝ խորթության զգացողությունն անխուսափելի պայման է»։ Ըստ Ղևոնդյանի, սակայն, դա ժամանակի ընթացքում հաղթահարելի կլինի միայն մի դեպքում. «Եթե մյուս երկրներում տեղի ունենան որոշակի փոփոխություններ, որոնք նկատելի է, որ հասունացել են։ Թե՛ Բելառուսում և թե՛ Ռուսաստանում լիդերներն արդեն բավական տարիքով են, սերնդափոխության հարց է առաջացել։ Ուստի, հնարավոր են փոփոխություններ, որոնք կբերեն ժողովրդավարության որոշակի առաջընթացի, որը նրանց ինչ-որ չափով կնմանեցնի Հայաստանին։ Հնարավոր է նաև այլ զարգացում՝ առ այն, որ այդ երկրները կշարունակեն ավտորիտար ավանդույթներով գոյատևել, և սերնդափոխությունը կբերի ոչ թե ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը, այլ ավտորիտարիզմի էլ ավելի խորացմանը։Այդ դեպքում Հայաստանի խորթ լինելն ավելի ցայտուն կերպով կարտահայտվի և կարող է բերել լուրջ ճեղքվածքի՝ Հայաստանի ու այդ ակումբի մյուս անդամների միջև»։