«Սասնա ծռերը» բացահայտ նշեցին այդ աջակցության գինը

«Սասնա ծռերը» բացահայտ նշեցին այդ աջակցության գինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության անդամների հանդիպմանն ուշագրավ հայտարարություններ են հաջորդում։ Ինչպես հայտնի է՝ կուսակցության անդամները վարչապետին զգուշացրել են հնարավոր ռևանշի և գործողությունների նման սցենարի դեպքում իրեն սատար կանգնելու պատրաստակամության մասին։ Ուշագրավ է Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն առ այն, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, ապա մեկ տարի անց կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» այս հայտարարությունը բացահայտ շանտաժ որակեց. «Դուք գիտեք, որ այն դասական կուսակցություն չէ, ունի նաև ռազմական թև և երբևիցե չի թաքցրել, որ շատ դեպքերում հարցերը լուծում է ուժային մեթոդներով և չի թաքցնում իր հակառուսական կեցվածքը։ Իրենց համար բոլորը կա՛մ հինգերորդ շարասյուն են, կա՛մ հակահեղափոխական, կառավարությունն այդպես է բնութագրում իր ընդդիմադիրներին, և ես այս հանդիպումը հենց այդ կոնտեքստում եմ դիտարկում»։ Ըստ Համբարյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ վարչապետը հակառուսական քայլեր է անում. «Առաջինը՝ տխրահռչակ հակահայ գործիչ Վալերի Շիշկինին ապաստան տրամադրելն էր։ Ես չգիտեմ, թե ով էր այդ տգիտության հեղինակը, բայց դա որևիցե օգուտ չի կարող տալ Հայաստանին։ Եվ երկրորդը ՝«Սասնա ծռերի» հետ հանդիպումն էր, որը ևս հակառուսական դեմարշ էր։ Այնպես որ, պարոն Փաշինյանի հանդիպումը նրանց հետ ես դիտարկում եմ այդ երկու կոնտեքստներում»։ Մեր զրուցակիցը զարմանալի է համարում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է այն ուժի հետ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան քիչ տոկոս է հավաքել. «Դրանից հետո «Սասնա ծռերի» ներկայացուցիչները կոշտ հայտարարություններ են անում այսպես կոչված՝ հակահեղափոխականների հասցեին՝ փորձելով հավաստիացնել, որ այս պայքարում վարչապետի կողքին կանգնած են։ Բացի դրանից՝ փորձեցին բացահայտ նշել դրա գինը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում «Սասնա ծռերը» կփորձեն հաղթահարել 5 տոկոսի արգելքը ու հայտնվել խորհրդարանում»։ Քաղաքագետի կարծիքով՝ մոտ երկու տոկոս հավաքած ուժը չի կարող քաղաքական դաշտում մեծ հավակնություններ ունենալ. «Բացի նրանից, որ իրենց հեռահար նպատակներում ուզում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով հայտնվել Ազգային ժողովում, իրենք նաև միայն այս հանդիպումով ցույց տվեցին, որ պարոն Փաշինյանը կարևորում է իրենց դերը քաղաքական դաշտում։ Չնայած նրան, որ երկու տոկոս ձայն էլ չեն հավաքել՝ պարոն Փաշինյանը հենց նրանց հետ է հանդիպում։ Դուք տեսե՞լ եք, որ խորհրդարանական ընտրություններից հետո պարոն Փաշինյանն ինչ-որ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպի՝ առավել ևս արտախորհրդարանական, ինչպե՞ս ստացվեց, որ բոլորին արհամարհելով՝ պարոն Փաշինյանը հենց «Սասնա ծռերի» հետ է հանդիպում։ Նրա բացատրությունը, որ վաղուց էին խնդրել, ինքն էլ հանդիպեց՝ անտրամաբանական ու պրիմիտիվ է»։