Նիկոլ Փաշինյանին պատին են դեմ տվել. պետք է պարզել, թե որ պատին

Վերջին իրադարձությունները համադրելով՝ գալիս ենք այն եզրահանգման, որ կառավարության որոշումը հստակ է՝ Ամուլսարը շահագործվելու է, և այս հարցին դեմ արտահայտվողների հետագա քայլերը որո՞նք են լինելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին լրագրող Արման Սուլեյմանյանը պատասխանեց․ «Իմ վրա Փաշինյանի տեսաուղերձը շատ հակասական տպավորություն թողեց։ Ես վերջնականապես համոզվեցի՝ ի սկզբանե որևիցե բան հետազոտելու նպատակ էլ չկար, որովհետև «արոտավայրերը չեն կեղտոտվելու, ոչ մի լիտր ջուր» արտահայտությունը, ըստ էության, վերջակետ է դնում ընդհանրապես որևիցե մասնագիտական քննարկմանը։ Եթե իսկապես կար նպատակ վարչապետին հասկանալու՝ էկոլոգիական վնասներ կան, թե ոչ, ապա նա ընդամենը երկու գործողություն պետք է աներ։ Առաջինը՝ նա պետք է գնար Մեծ Մասրիկ գյուղ, որն ընդամենը 25 կմ է հետու Սոթքի ոսկու հանքավայրից և տեսներ, որ պայթեցումից հետո ինչպես է ձյունը ներկվում կարմիր, դեղին գույներով, ու կհասկանար՝ Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարը նույնը կանի։ Իսկ ջրի առումով, նա ընդամենը պետք է Արփա-Սևան թունելի մեջ կանգներ, և երբ այդ 6 միլիոն մ3  սառնորակ ջուրը հոսեր իր ոտքերի վրայով, ապա նա կհասկանար, որ թունելը վնասված է, և ստորգետնյա ջրերը թափանցում են բնություն։ Վարչապետը կհասկանար՝ հանքի բացումից հետո այդ ջրերը կրկնապատկվելու են, և ցուցանիշներն ակնհայտորեն վատանալու են։ Բայց իր այդ արտահայտությունից հետո ես անձամբ փակում եմ մասնագիտական քննարկումները, և վերջնականապես համոզվեցի՝ ի սկզբանե նպատակ էլ չկար մասնագիտորեն ինչ-որ բան պարզելու, որովհետև վարչապետը մեկ բան պետք է հասկանար՝ գոյություն ունեն անդառնալի հետևանքներ։ Այսօր արդեն այդ հարցը մասնագիտական տիրույթից դուրս է»։ Իսկ նկարիչ Հայկ Բարսեղյանն ասաց․ «Գլխիս մեջ երկու հարց կա։ Առաջին՝ թե ինչի մոտիվացմամբ մենք Սերժի ժամանակ նկարահանեցինք Ամուլսարի մասին ֆիլմը։ Եվ երկրորդ՝ ՇՄԱԳ-ը, որի վրա ծախսեցինք 400 հազար դոլար, որով լիքը ուրիշ խնդիրներ կարող էինք լուծել։ Ես կուզեի հարց տալ Նիկոլին, թե ինչու է նա զբաղված «Լիդիանի» փիառով, ինչպե՞ս և ո՞ր պատին են նրան սեղմել։ Արդյոք մենք ամբողջ հայ ժողովրդով չե՞նք կարող նրան այդ պատից հանենք։ Ինքը ինչի է կապրիզներ անում։ Այս երկու հարցն է, որ ինձ կտանջի։ Այնպես որ, այդ տեխնիկական հարցերը, ըստ իս, երկրորդական են»։     Մանրամասները՝ տեսանյութում։