Շիրակում երկրաշարժի արդյունքում վնաս չունենք․ սա նախապատրաստված լինելու ազդակ է․ մարզպետ

Շիրակում երկրաշարժի արդյունքում վնաս չունենք․ սա նախապատրաստված լինելու ազդակ է․ մարզպետ

Ֆեյսբուքյան էջում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում է արել սեպտեմբերի 10-ին Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին։ «ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։ Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։ Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների՝ Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։ Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր։ Բարի գիշեր», - գրել էր նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 եւ արեւելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում: