Սկսվում է նոր դիրքավորում. վտանգավոր իրավիճակ

Սկսվում է նոր դիրքավորում. վտանգավոր իրավիճակ

Եթե Ամուլսարի հարցը մոտենում է որոշակի եզրագծի, համենայնդեպս՝ առերևույթ տպավորությամբ, ապա Հայաստանի քաղաքական դաշտի գծագրումը կամ նոր քաղաքական համակարգի ձևավորումը մեկնարկում է այդ եզրագծով: Ներքին կյանքում լայն թափով սկսել է քաղաքական դիրքավորման գործընթաց: Այդ գործընթացը, սակայն, ունի մի բավականին նուրբ թերություն: Խոսքն այն մասին է, որ քաղաքական ուժերի դիրքավորումը, գործնականում առանց բացառության, տեղի է ունենում իշխանության մերժման սկզբունքի վրա: Կրկնենք, առանց բացառության, և այստեղ նույնիսկ որոշակի կատալիզատորի դեր խաղաց նաև Ամուլսարը: Էական չէ, թե ինչ թեմայով է մերժումը, կամ ինչ սկզբունքով, ոճով, մարտավարությամբ: Առանցքային է այն, որ քաղաքական բոլոր հավակնորդները դիրքավորվում են նոր իշխանության մերժման սկզբունքով: Իսկ դա հօգուտ իշխանության է, թեև առերևույթ կարող է թվալ հակառակը: Հօգուտ է ոչ այն պատճառով, որ հեղափոխական գործընթացի արդյունքում ձևավորված իշխանությանը մերժելն անհեռանկար է, չի ստացվի, հանրությունը չի միանա մերժմանը: Մերժմանը հանրային տարբեր շերտեր կարող են միանալ, սակայն դա ինքնաբերաբար չի նշանակելու միանալ մերժողներին: Իսկ հետևանքը լինելու է այն, որ մենք ունենալու ենք քաղաքական դաշտ, որը գործնականում չունի «արտադրողական ներուժ» և «մասնագիտացած» է միայն իշխանություն վարկաբեկելու հարցում: Ավելի շուտ՝ մենք վերարտադրելու ենք այդպիսի քաղաքական համակարգ, որովհետև մինչև հեղափոխությունն էլ հայաստանյան ներքաղաքական իրականությունը գործնականում այդպիսին էր՝ գրեթե զրո արտադրողական, ստեղծագործական, գաղափարական ներուժ, միայն հնացած պոստուլատներ, կարծրատիպեր, դասագրքային ճշմարտություններ: Իսկ դա հօգուտ իշխանության էր, ինչի դրսևորումն էր այն, որ այդ իշխանությունը տարեցտարի կարողանում էր հղել «անաղմուկ վերարտադրության» մեխանիզմը: Եվ բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը չգնար վարչապետի պաշտոնին, որպեսզի այդ մեխանիզմը շարունակեր իր կենսագործունեությունը առնվազն ևս մի տասնամյակ: Դրա ռեսուրսն անկասկած ուներ: Այլ հարց է, թե որքանով էր այդ համակարգը կենսունակ լինելու արտաքին մարտահրավերների հարցում: Այդպիսով, Հայաստանում կա հին քաղաքական համակարգի և տրամաբանության վերարտադրության վտանգ, որը միջնաժամկետ տարածության վրա հօգուտ իշխանության է, իսկ երկարաժամկետ առումով լրջագույն խնդիր է Հայաստանի համար: Ամենատարօրինակն ու ցավալին թերևս այն է, որ իրավիճակը որոշակի «կոմֆորտ զոնա» է բոլորի համար և որևէ ներքաղաքական հայտատու չի ցանկանում դուրս գալ դրանից: