Ակադեմիկոս Գևորգյանը՝ որպես կոմերսանտության և գիտության սիմբիոզի արդյունք

Ակադեմիկոս Գևորգյանը՝ որպես կոմերսանտության և գիտության սիմբիոզի արդյունք

Երբ այս տարվա մայիսին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց, իշխանությունները համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակեցին իրենց դրածո Գեղամ Գևորգյանին: Իրավական առումով համալսարանի ռեկտորը ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, բայց այդ ընտրությունը ձևական բնույթ է կրում, քանի որ իշխանության հրահանգով հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամները կողմ քվեարկեցին Գևորգյանի թեկնածությանը, իսկ համալսարանական անդամները՝ դեմ: Իսկ քանի որ իշխանության ներկայացուցիչները խորհրդում մեծամասնություն են կազմում, Գևորգյանը նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար: Դեկտեմբերին սպասվում է ռեկտորի ընտրությունների բեմականացում, և կասկած չկա, որ նույն ընթացակարգով իշխանությունը կանցկացնի իր թեկնածու Գևորգյանին: Գեղամ Գևորգյանը, չսպասելով ռեկտոր ընտրվելուն, արդեն անցել է համալսարանը սեփական կադրերով համալրելու գործին՝ ազատվելով նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կադրերից: Բայց մինչև Գևորգյանի կադրային քաղաքականությանը անցնելը, ներկայացնենք, թե ով է Գեղամ Գևորգյանը և ինչով է աչքի ընկել մինչև իր ռեկտորական գործունեությանը անցնելը: Նախ նշենք, որ Գեղամ Գևորգյանը ակադեմիկոս է: Նա այդ բարձր կոչմանը արժանացել է 2006-ին, այն բանից հետո, երբ իր փեսա, ռուսաստանաբնակ հայտնի մեծահարուստ, «Պրոմեթեյ» բանկի սեփականատեր Սենիկ Գևորգյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային նվիրեց 11 հատ ԳԱԶ 31-10 ավտոմեքենա: Այսինքն՝ Գևորգյանի ակադեմիկոսական տիտղոսը արժի ճիշտ այնքան, որքան 11 հատ ԳԱԶ 31-10 ավտոմեքենաների շուկայական արժեքը 2006-ին՝ մոտավորապես մի 100 հազար դոլար: Գեղամ Գևորգյանը բավական հետաքրքիր ինդիվիդում է, քանի որ կարողանում է գիտամանկավարժական գործունեությունը համատեղել կոմերսանտության հետ, ինչը, համաձայնվեք, որ շատ քչերին է հաջողվում: Մասնավորապես, օրերս նա ընտրվեց «Էվոկա բանկի» բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ: «Էվոկա բանկը» նույն «Պրոմեթեյ» բանկն է, բայց, այսպես կոչված, ռեբրենդինգի ենթարկված: Ակադեմիկոս Գևորգյանը այդ բանկի խոշոր բաժնետերերից է: Ամենայն հավանականությամբ՝ նույն Սենիկ Գևորգյանի աջակցությամբ։ Նկատենք, որ Սենիկ Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի գործարարներից է: Գեղամ Գևորգյանը միայն «Էվոկա բանկ»-ով ու Սենիկ Գևորգյանով չէ, որ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ակադեմիկոս Գևորգյանը փայատեր է «Հյուր սերվիս» ընկերությունում: Հայտնի է, որ այդ ընկերության հիմնական սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է, այսինքն՝ Գևորգյանը Քոչարյանների բիզնես պարտնյորն է: Լինելով փոխլրացման, այսպես կոչված, կոմպլիմենտարիզմի գծի համոզված ջատագով, Գևորգյանը համագործակցում է ոչ միայն ներկա իշխանության, այլ նաև Քոչարյանի ընտանիքի անդամների հետ: Գիտական օլիմպի գագաթին հասած ակադեմիկոս Գևորգյանը իրեն շրջապատել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչներով: Նա պրոռեկտոր է նշանակել իր սանիկ Էլինա Ասրյանին, որը 2013-ին նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի PR պատասխանատուն: Մյուսը պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն է, որը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրելու ակտիվ կազմակերպիչներից էր՝ լինի դա նախագահական, խորհրդարանական, թե Երևանի քաղաքապետի ընտրություններ: Բայց Իսրայելյանը համատեղության կարգով նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի համակուրսեցին է: Մի խոսքով՝ հայ հայտնի գիտնական և ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը իր բազմաթիվ այլ բիզնեսների կողքին ձեռք է բերել մի բիզնես ևս՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը: Իրեն շրջապատել է նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչներով ու զբաղվում է գիտակոմերցիոն գործունեությամբ, այսինքն՝ գիտության և կրթության անվան տակ փող շինելով: Մի հետաքրքիր հանգամանք ևս: Այս տարվա մարտ ամսին Արամ Սիմոնյանը Գեղամ Գևորգյանին ազատել էր համալսարանի պրոռեկտորի պաշտոնից: Գևորգյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության՝ պահանջել, որ իրեն վերականգնեն աշխատանքի և վճարեն այդ ժամանակահատվածի համար: Գևորգյանն արդեն մի քանի ամիս համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է, սակայն դատական հայցը հետ չի վերցրել, այսինքն՝ շարունակում է պահանջել, որ իրեն վերականգնեն պրոռեկտորի պաշտոնում: Երևի մարդ առնվազն ակադեմիկոս պետք է լինի Գևորգյանի մտքի ճախրանքը ընկալելու համար: Բայց դա բոլորին հասու չէ, քանի որ ոչ բոլորը կարող են ակադեմիային 11 հատ ԳԱԶ 31-10 ավտոմեքենա նվեր անել։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի