Դժգոհություն վարչապետի հանդիպումի՞ց, թե՞ վարչապետի դժգոհությունը հանդիպումից հետո

Դժգոհություն վարչապետի հանդիպումի՞ց, թե՞ վարչապետի դժգոհությունը հանդիպումից հետո

«Իմ քայլը» խմբակցության արդեն երկու պատգամավոր իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ: Խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, նաև պատգամավոր Սոնա Ղազարյանի մասին է, որոնք լրագրողների հետ զրույցներում ասել են, որ իրենք չէին հանդիպի Սեֆիլյանի հետ: Ալեն Սիմոնյանը նաև հայտնել էր, որ վարչապետը ցուցաբերել է մեծահոգություն: Կառավարող ուժի խորհրդարանական մեծամասնությունից հնչած այդ գնահատականներն ուշագրավ են և հետաքրքիր է հետևել, թե արդյոք դրանք կունենա՞ն նոր դրսևորումներ, արդյոք կլինե՞ն նոր պատգամավորներ «Իմ քայլը» մեծամասնությունից, որոնք բացասական կգնահատեն «Սասնա ծռերի» հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այդ գնահատականն ուղիղ ձևակերպումով, իհարկե, բացասական չէ, բայց «ես չէի հանդիպի» ձևակերպումը տողատակում պարունակում է բավականին թափանցիկ ակնարկ վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: Ի՞նչ է դա՝ խորհրդարանական մեծամասնության շրջանակում որոշակի անհանգստությո՞ւն է առաջացրել վարչապետի հանդիպումը, թե՞ հանդիպելով «Սասնա ծռերի» հետ՝ վարչապետը խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքով որոշակի մեսիջ է հղում նրանց՝ հանդիպումից հետո: Եվ արդյոք դա կարո՞ղ է պայմանավորված լինել հանգամանքով, որ հանդիպման ընթացքում եղել է որոշակի էական անհամաձայնություն քաղաքական ինչ-ինչ զարգացումների կամ իրողությունների առումով: Առնվազն Ամուլսարի հարցում այդ անհամաձայնությունը ոչ միայն նկատելի է, այլ նաև ակնառու էր, որ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպումից հետո որոշակի սպառնալիք կամ առնվազն նախազգուշացում էր հղում վարչապետին՝ խոսելով Ամուլսարի հանքի շահագործման որոշման ցնցումային լինելու և բախման հանգեցնելու անխուսափելիության մասին: Միաժամանակ, Ժիրայր Սեֆիլյանը նաև արտահերթ ընտրության և զարգացումների մասին էր խոսել՝ դիտարկելով նաև միտքը, որ ներկայիս մեծամասնությունն իրականում Նիկոլ Փաշինյանի հենարան չէ և վարկանիշի անկման դեպքում առաջին իսկ փորձությանը կհանձնի նրան: Արդյոք այդ մի՞տքն է անհանգստություն առաջացրել խորհրդարանական մեծամասնության շրջանում, եզրահանգմամբ կամ առնվազն ենթադրությամբ, որ վարչապետը Սեֆիլյանի հետ քննարկել է մեծամասնության «հուսալիության» հարցն ու Սեֆիլյանի շուրթերով այդ հարցում «բարբառում» է Նիկոլ Փաշինյանը՝ ընդհուպ արտահերթ ընտրության մասին ակնարկով: Չի բացառվում, որ արտահայտելով «Սասնա ծռերի» հետ հանդիպման վերաբերյալ բացասական վերաբերմունք, խորհրդարանի մեծամասնության առանձին ներկայացուցիչները դրսևորում են որոշակի ընդհանրական անհանգստություն և հանդիպման վերաբերյալ վարչապետից պարզաբանում լսելու ակնկալիք: Հավանաբար, «Ծռերի» հետ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության հետ Ամուլսարի թեմայով ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադարձել Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ զրույցին, ինչն էլ կարող էր առաջացնել խմբակցության շրջանակների որոշակի մտորումներ: Առավել ևս, որ «Ծռերի» հետ Փաշինյանի հանդիպման այդպիսի «էֆեկտի» վրա բավականին աշխույժ աշխատեց նաև նախկին իշխող համակարգի ազդեցության տիրույթում գտնվող տեղեկատվա-քարոզչական ռեսուրսը, գեներացնելով միտքը, որ հանդիպումը խաղ էր սեփական թիմի «թիկունքում»: Հատկապես շեշտադրվում էր ուժային-իրավապահ կառույցների պարագան, հանդիպումը դիտարկելով առաջին հերթին նրանց ուղղված հարված: Հնարավո՞ր է, որ խորհրդարանի խմբակցությունից արտահայտված կարծիքները արտահայտեն ոչ այնքան խմբակցության, որքան հենց ուժային բլոկից եկող տարակույսներ: