Հենրիխ Մխիթարյանը` բարդ ժամանակների և «Ռոմա»-ում իր նախընտրելի խաղային դիրքի մասին

Հենրիխ Մխիթարյանը` բարդ ժամանակների և «Ռոմա»-ում իր նախընտրելի խաղային դիրքի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսն է տվել որպես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Մխիթարյանն ընդգծել է, որ իր համար բարդ ժամանակներ են եղել՝ մինչև «Ռոմա» տեղափոխվելը: «Ես ուրախ եմ այստեղ լինելու համար, ինձ համար մինչև այստեղ գալը բարդ ժամանակներ էին: Ես գիտեմ, թե ուր եմ եկել և ինչպիսի թիմում եմ խաղալու, գիտեմ, թե ինչ նպատակներ ունի այս ակումբը: Եվ, իհարկե, ես կանեմ առավելագույնը, որպեսզի օգնեմ թիմին հասնել իր նպատակներին: Թիմակիցներիս հետ հանդիպել եմ, հանդերձարանում շատ լավ մթնոլորտ է»,- ասել է Մխիթարյանը: Անդրադառնալով խաղային դիրքի վերաբերյալ հարցին՝ Մխիթարյանն ընդգծել է, որ նախընտրում է ենթահարձակվողի դիրքը, սակայն կարող է խաղալ նաև եզրերից, ընդ որում՝ կապ չունի աջ եզրում, թե ձախ: Նա հույս է հայտնել, որ կկարողանա իր որակներն օգտագործել թիմին օգտակար լինելու համար: Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում հանդիպել է իր ներկա թիմակիցներին: «Իտալիայի հետ խաղից հետո առաջին անգամ հանդիպեցի Ալեսանդրո Ֆլորենցիի հետ, զրուցեցինք խաղի, «Ռոմայի» մասին: Այնուհետև մի քանի օր անց խաղի ու ակումբի գործերի մասին զրուցեցինք Ջեկոյի հետ, անգամ այսօր մարզմանը, քննարկեցինք խաղը, դրվագները: Բայց հավաքականն արդեն անցյալում է, հիմա պետք է կենտրոնանանք ակումբի խաղերի վրա»,- նշել է նա: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն այն կարծիքին չէ, որ, «Ռոմա» տեղափոխվելով, հետքայլ է կատարել: Նա նշել է, որ «Ռոմա»-ն մեծ ակումբ է, ունի մեծ պատմություն: Մխիթարյանը հույս է հայտնել, որ կհարմարվի «Ռոմա»-ի խաղին: