Հայաստանն ու Թուրքիան․ Մերոնց հսկայական վերելքը Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ
17:25 | 2019-09-10
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: 6-րդ տուրում Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեր ազգային թիմը J ենթախմբում 9 միավորով 3-րդն է և երեք միավորով զիջում է երկրորդ հորիզոնականում գտնվող Ֆինլանդիային: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն անմիջապես իրավունք են ստանալու մասնակցելու եզրափակիչ փուլին: Նշենք որ տարածաշրջանի երկրների կտրվածքով մեր հավաքականն իր ցուցանիշով երկրորդն է և զիջում է միայն Թուրքիային: Վերջինս H խմբում 12 միավորով երկրորդն է և նույնպես շարունակում է պայքարը Եվրո-2020-ի ուղեգրի համար:
Նույնքան միավոր ունեն նաև Ֆրանսիան և Իսլանդիան: Հենց այս երեք հավաքականները H խմբում կվիճարկեն երկու ուղեգրերը: Նախօրեին թուրքերը մոտ էին սենսացիա մատուցելու: Մասնավորապես, հարևան երկրի հավաքականին սեփական հարկի տակ միայն 1:0 հաշվով հաջողվեց հաղթանակի հասնել Անդորրայի նկատմամբ: Ընդ որում հաղթական գնդակը դաշտի տերերը խփեցին միայն 89-րդ րոպեին: Ի տարբերություն Հայաստանի և Թուրքիայի մեր հարևանները՝ ադրբեջանցիներն ու վրացիներն արդեն իսկ կորցրել են հնարավորությունը ենթախբում գոնե երկրորդ հորիզոնականի համար պայքարելու: Վրաստանի հավաքականի D ենթախմբում 5 խաղում վաստակել են ընդամենը 4 միավոր և գտնվում են նախավերջին 4-րդ հորիզոնականում: Այս խմբում առաջատարը Իռլանդիան է, որն ունի 11 միավոր և երկու միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող Դանիային: 5 հավաքականներից բաղկացած ենթախմբերում կայանալու է 8 տուր է անհավանական է թվում, որ վրացիները վերջին երեք հանդիպումներում կկարողանան գոնե մոտենալ առաջատարներին: Սեպտեմբերի 8-ին Վրաստանը սեփական հարկի տակ մրցեց Դանիայի հետ և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի: Հիշեցնենք սակայն, որ Վրաստանը Ազգերի լիգայի խաղարկությունում D դիվիզիոնում նվաճել էր փլեյ-օֆֆի ուղեգիր և պահպանում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու հնարավորությունը: Ազգերի լիգայի խաղարկությունից հետո, սակայն Վրաստանի հավաքականը որակապես զգալի անկում է ապրել:
Եթե անցյալ տարի այս հավաքականը համարվում էր Եվրո-2020-ում խաղալու իրական հավակնորդ, ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Կոսովոյի ազգային հավաքականը վերջին շրջանում շատ ավելի լավ տպավորություն է թողնում, քան՝ Վրաստանը: Շատ ավելի տխուր իրավիճակում է գտնվում մեր մյուս հարևանը՝ Ադրբեջանը: Վերջինս E ենթախմբում 5-րդ տուրից հետո ունի ընդամենը մեկ միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի հավաքականը 4-րդ անընդմեջ պարտությունն էր կրել հյուրընկալվելիս 2:1 հաշվով զիջելով Ուելսին: Երեկ սակայն ադրբեջանցիները վաստակեցին առաջին միավորը Բաքվում 1:1 խաղալով Խորվաթիայի հետ: Հարևան երկրում աշխարհի փոխչեմպիոնից միավոր պոկելը համարել են մեծ նվաճում և շտապում են հայտարարել, որ արդեն ունեն ուժեղ ազգային հավաքական:
Մասնագետները սակայն Խորվաթիայի Բաքվում միավորներ կորցնելը կապում են Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլա Յուրչևիչի գործոնի հետ: Յուրչևիչը խորվաթ է 5 մատի պես գիտի թե ինչպես է Զլատկո Դալիչի գլխավորած Խորվաթիայի ազգային թիմը: Ադրբեջանը Խորվաթիայի հետ հանդիպել էր նաև ընտրական փուլի առաջին տուրում: Զագրեբում հյուրերը առաջ էին անցել հաշվի մեջ և խորվաթներին մեծ դժվարությամբ էր հաջողվել 2:1 հաշվով հաղթանակի հասնել: Այն ժամանակ էլ ադրբեջանցիները շտապում էին հայտարարել, որ ունեն ազգային թիմ, որը մոտ էր աշխարհի փոխչեմպիոնին ծնկի բերելուն:
Եթե օբյեկտիվորեն գնահատենք իրավիճակը ապա պետք է փաստենք, որ տարածաշրջանի երկրների կտրվածքով վերջին շրջանում զգալի աճ գրանցել է թերևս Հայաստանի ազգային հավաքականը: Խոսքը միայն գրանցված արդյունքների մասին չէ: Ցուցադրելով հարձակվողական ֆուտբոլ՝ մենք ըստ էության հավասար պայքար ենք աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի դեմ, համոզիչ խաղով և հաշվով առավելության հասնում աստղային կազմ ունեցող Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: Նույն Վրաստանի հավաքականը Դանիայի հետ մրցավեճում պաշտպանվում էր ամբողջ թիմով՝ փորձելով պահել 0:0 հաշիվը: Եթե չլիներ Ադրբեջանի դարպասապահի անհավանական խաղը, ապա խորվաթները Բաքվում առնվազն 3 գնդակ կխփեին: Խորվաթիայի գլխավոր մարզիչ Դալիչը հենց Ադրբեջանի հավաքականի դարպասապահին է համարել հանդիպման հերոս՝ նշելով նաև իր ֆուտբոլիստների անփույթ գործողությունները գոլային պահերի ժամանակ:
Ինչևէ արդեն մեկ ամսից Հայաստանի հավաքականը հերթական հանդիպումները կանցկացնի ընտրական փուլում: Հոկտեմբերի 12-ին մերոնք կհյուրընկալվեն Լիխտենշտեյնին, իսկ 3 օր անց Ֆինլանդիային: Հուսանք, որ այս հանդիպումներից հետո էլ մեր հավաքականը կշարունակի պայքարը երկրորդ հորիզոնականի համար: