Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան

Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմից իր հեռացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Գասպարյանը հայտնել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա հավելյալ մեկնաբանությունների մեջ մտնել: Կարող եմ միայն նշել, հետագա իմ գործունեությունը պայմանավորված է սոսկ վարչապետի և իմ միջև կայացած քննարկումներով»,- տեղեկացրել է Գասպարյանը: Նա հայտնել է, որ մամուլում նշված բոլոր դրդապատճառները, առանց բացառության, չեն համապատասխանում իրականությանը: «Ես զբաղվել եմ Հայաստանի արտաքին տնտեսական կապերով, ուղղորդել եմ մի շարք ներդրումային ծրագրեր և վարչապետին ներկայացրել եմ 46 ներդրումային ծրագիր, որոնցից մի մասն արդեն իրականացվել են, իսկ մնացածը դեռ ընթացքի մեջ են: Ղեկավարել եմ Թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքային խումբը, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների խորհուրդը: Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել եմ հայ-իտալական բիզնես ֆորումը, որը վերջերս կայացավ Երևանում և Գյումրիում: Կատարել եմ, իհարկե, վարչապետի տարբեր հանձնարարականներն արտաքին տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտներում: Ներգրավված եմ եղել մի շարք միջպետական ու բազմակողմ բանակցություններում, ներառյալ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, որը հուսով եմ կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում: Համոզված եմ, որ աշխատակազմի իմ գործընկերների և այլ պետական ինստիտուտների շնորհիվ այս բոլոր աշխատանքային ուղղություններում, որոնք ես սկսել եմ, դրական արդյունքներ կարձանագրվեն մոտ ապագայում»,- հայտնել է նա: