Սառույցը կոտրվեց. Արոնյանը ձեռնոց է նետում շախմատի գիգանտներին…

Սառույցը կոտրվեց. Արոնյանը ձեռնոց է նետում շախմատի գիգանտներին…

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը տևական դադարից հետո փայլուն արդյունք գրանցեց: Մեր գրոսմայստերը նվաճեց Սենթ Լյուիսում տեղի ունեցած Grand Chess Tour սուպերմրցաշարի հաղթողի կոչումը: Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանը մրցումային վերջին օրը կրեց 2 պարտություն, 3 պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ 4 պարտիայում գրանցեց ոչ-ոքի: 36 հնարավորից մեր շախմատիստը վաստակեց 22 միավոր, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Երկրորդ տեղում, 21.5 միավորով, Չինաստանից Դին Լիժենն է, իսկ եռյակը եզրափակեց Ֆրանսիայից Մաքսիիմ Վաշիե-Լագրավը նույնքան՝ 21.5 միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 6-րդն է: Հիշեցնենք, որ Արոնյանը առաջին տեղով էր ավարտել նաև արագ շախմատի մրցաշարը: Այստեղ վերջին օրը Արոնյանը հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային, պարտվել Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապպորտին և ոչ-ոքի խաղացել չինացի Յու Յանյիի հետ: Մրցաշարի ընթացքում Արոնյանը սև ֆիգուրներով առավելության էր հասել Կարլսենի նկատմամբ, ջախջախիչ պարտության ենթարկել ադրբեջանական շախմատի առաջատար Շաքրիյար Մամեդյարովին: Մասնավորապես, մրցումների վերջին օրը Արոնյանը երրորդ անգամ պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին: Արագ շախմատի մրցաշարում Մամեդյարովին սև ֆիգուրներով հաղթելուց հետո Արոնյանը նրան սևերով հաղթել էր նաև կայծակնային խաղի մրցաշարի առաջին շրջանում։ Սենթ Լյուիսի մրցաշարից առաջ ՖԻԴԵ-ն հրապարակել էր անհատական դասակարգման աղյուսակը, որում Լևոն Արոնյանը զգալի առաջընթաց էր գրանցել՝ վերադառնալով լավագույն տասնյակ։ Արոնյանը այս պահին 8-րդն է աշխարհում: Հուլիսի վարկանիշային աղյուսակում Արոնյանը միայն 14-րդն էր։ Այս պահին առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը։ Արոնյանից բարձր դիրք ունեն նաև ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Ուեսլի Սոն և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։ Ինչևէ, 2020 թվականին կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից առաջ Արոնյանը կարծես վերագտնում է խաղը՝ ձեռնոց նետելով համաշխարհային շախմատի առաջատարներին: Այս տարվա ապրիլի 25-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում որոշվել էր աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին 133 000 դոլար տրամադրել: «Լևոն Արոնյանին աջակցելը պետական առաքելություն է, քանի որ նա աննախադեպ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության առաջ»,- հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բնական է, որ այս որոշմամբ լրացուցիչ լիցքեր հաղորդվեցին Արոնյանին: Ակնհայտ է նաև, որ այս մակարդակի աջակցությունը պարտավորեցնող է: Վերջին շրջանում թե՛ Լևոն Արոնյանը և թե՛ մեր ազգային հավաքականը միջազգային ասպարեզում լուրջ հաջողությունների չէին հասնում: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնի հավակնորդների վերջին մրցաշարում Արոնյանի խիստ անհաջող ելույթից հետո հայկական շախմատում իրական անկում էր սկսվել: Ոմանք նույնիսկ հիասթափվել էին՝ պնդելով, որ անկման փուլ է սկսվել նաև Արոնյանի մոտ: Վերջինս դուրս էր մնացել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից: Սենթ Լյուիսի սուպերմրցաշարում Արոնյանի ելույթը կարելի է բեկումնային համարել հայկական շախմատում: Վերջին օրերին Արոնյանը հայտնվել է շախմատային աշխարհի ուշադրության կենտրոնում: Գրանցված հաջողության մեջ պետք է կարևորել ՀՀ կառավարության դերը: Ըստ էության ճգնաժամային իրավիճակում, ի դեմս ՀՀ վարչապետի, մեր իշխանությունը հավատաց Արոնյանի հաջողությանը՝ դրա կայացման համար անելով բավական մեծ ներդրում: Սառույցը կարելի է կոտրված համարել և հավատալ, որ առաջիկա խոշոր մրցաշարերում Արոնյանը կզարգացնի հաջողությունը և հավակնորդների մրցաշարում կլինի իրական ֆավորիտ: