Վարդան Մինասյանի պատասխան ցավոտ ապտակը…

Վարդան Մինասյանի պատասխան ցավոտ ապտակը…

Հայաստանում սկիզբ առած ֆուտբոլային բումը նոր ընթացք է ստանում: Ի դեմս «Արարատ-Արմենիայի»՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը հայտնվեց Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆում: Մեզ համար ֆանտաստիկ թվացող հաջողությանը, որն է՝ հեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլում հայտնվելը, մնացել է ընդամենը մեկ քայլ: Մրցակիցը միանգամայն հաղթահարելի է՝ հաշվի առնելով, որ երեկ մեր թիմը փայլուն ֆուտբոլ ցուցադրեց Թբիլիսիում: Փլեյ-օֆում մեր մրցակից Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» կանդրադառնանք ավելի ուշ: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչի հաշվին «Արարատ-Արմենիան» երեկ հաղթեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին»: Առաջին խաղում «Հանրապետական» մարզադաշտում պարտվել էինք 1:2 հաշվով: Պարտվել էինք բավական թույլ խաղով և անկեղծորեն պետք է նշենք, որ Թբիլիսիում առավելության հասնելն այնքան էլ իրատեսական չէր: Առաջին խաղի երկրորդ կեսում մարտավարական առումով վրացական թիմի գլխավոր մարզիչը ուղղակի կոլապսի ենթարկեց «Արարատ-Արմենիային»: Ուժեղացնելով խաղի տեմպը՝ հյուրերը խաղի թելն իրենց ձեռքը վերցրին, և ընդունենք, որ արժանիորեն հաղթեցին: Պատասխան խաղում «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխան ապտակը հասցրեց իր վրացի գործընկերոջը, որը շատ ավելի ուժեղ էր և ցավոտ: Ի պատասխան «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլիի՝ Մինասյանը իր ֆուտբոլիստներին հրահանգել էր էլ ավելի արագ և ինչ-որ տեղ ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրել: Հանդիպման մեկնարկում գործադրված ճնշման արդյունքում մերոնք արագ գոլ խփեցին, ինչը սառը ցնցուղ էր «Սաբուրթալոյի» համար: Դաշտի տերերը խաղադաշտ էին դուրս եկել հանդիպման տեմպն ամեն գնով գցելու և գնդակը վերահսկելու հրահանգով: Գիտակցելով, որ «Արարատ-Արմենիան» կարող է և երկրորդ գոլը խփել, «Սաբուրթալոն» ստիպված եղավ առաջ գնալ: Վրացական թիմն ակնհայտորեն պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացմանը և չուներ պլան Բ-ն: Երկրորդ կեսում դաշտի տերերը 0:1 հաշվի ժամանակ փորձում էին ժամանակ ձգել, բայց... Նույն ոգով շարունակելով՝ «Արարատ-Արմենիան» ի վերջո հասավ հաջողության: Հաղթանակի «մեխը» Թբիլիսիում մեր թիմի բալանսավորված գործողություններն էին 90 րոպեների ընթացքում: Ավելի ստույգ՝ «Արարատ-Արմենիայի» ֆիզիկական պատրաստվածությունը և իրավիճակին համարժեք արձագանքը իդեալական մակարդակի վրա էր: «Բնական է, որ նախապես ծրագրում ենք ինչ-որ փոփոխություններ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ընթանում խաղը։ Օրինակ՝ եթե հաշվի մեջ երկար ժամանակ փոփոխություն չլիներ, մենք երկու հարձակվողով կխաղայինք։ Բայց քանի որ երկրորդ գոլը շուտ խփեցինք, արդեն ամրացրինք հենակետային գոտին։ Այսինքն՝ հետևում ենք խաղի ընթացքին և փորձում ենք հասկանալ, թե այդ պահին մեր թիմն ինչի է ընդունակ: Արեցինք այն, ինչ ծրագրել էինք։ Տակտիկապես ճիշտ ֆուտբոլ ենք խաղացել։ Կարողացանք երկու խաղակեսում էլ պահել բարձր տեմպը։ Ճիշտ է՝ վերջում ճնշումը մի փոքր մեծացավ, բայց դա բնական էր։ Կարողացանք փոփոխությունների միջոցով փոքր-ինչ թուլացնել այդ ճնշումը։ Համենայնդեպս, ճիշտ ֆուտբոլ ենք խաղացել և արժանիորեն հաղթել ենք։ Ես վիճակագրության մասին չեմ մտածում։ Պարզապես մենք փորձում ենք անել մեր առավելագույնը»,- խաղից հետո ասել է Մինասյանը։ Երեկվա հաղթանակն այնքան ոգևորիչ էր, տպավորիչ, որ «Արարատ-Արմենիային» շնորհավորել է նաև մեր երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: ««Արարատ-Արմենիա». կեցցե՛ք, տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ՝ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին՝ Ստեփանակերտում, մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը: Այո, սա մեծ հաղթանակ էր, և բոլորս ցնծության մեջ ենք, բայց... Առջևում «Դյուդելանժի» հետ հանդիպումն է, և հիմա մեր նպատակը հաջորդ և էլ ավելի կարևոր, բացառիկ քայլ անելն է: Հիմա կարևոր է հնարավորինս շուտ մոռանալ «Սաբուրթալոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին և ողջ ուժերը կենտրոնացնել առաջիկա հանդիպման վրա: Հանդիպում, որը կարող է Հայաստանին դուրս բերել Եվրոպա լիգայի խմբային փուլ: Մենք մոտ ենք ֆուտբոլային երազանքներից մեկի իրականացմանը: Հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» կարող է իրականացնել այն: