Պատրուշևի այցը՝ խնդրահարույց. Պուտինի հայաստանյան այցին ընդառաջ ինչ է տեղի ունենում

Երկրորդ օրն է, ինչ Երևանում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը հանդիպումներ է ունեցել հայաստանյան իր գործընկերոջ, իսկ այսօր նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատրուշևի այցը տեղի է ունենում երկու երկրների համար կարևոր մի հանգրվանում, երբ Հայաստանում և Ռուսաստանում ներքաղաքական կարևոր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Այս հարցն ուշագրավ է նաև նրանով, որ ռուսական էլիտայում բավականին մեծ կշիռ ունեցող Պատրուշևը թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է ժամանում Հայաստան: Իսկ հոկտեմբերին Երևանում նախատեսված է ԵՏՄ գագաթաժողովը, որի ամենաինտրիգային հարցը վերաբերում է մեր երկիր Վլադիմիր Պուտինի այցին։ Թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, միջազգայնագետ Նարեկ Մինասյանը և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը: Միքայել Զոլյանի դիտարկմամբ՝ Պատրուշևի այցը Հայաստան կարևոր է. «Նման այցերը միշտ կարևոր են հասկանալու համար, թե տարբեր հարցերի շուրջ ով ինչ դիրքորոշում ունի… Պատրուշևը լուրջ կշիռ ունի Ռուսաստանի պետական համակարգում, և այս հանդիպումը հնարավորություն է ներկայացնելու մեր մոտեցումները»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս այցը երկու կողմի համար էլ կարևոր կլինի: Մ. Զոլյանի կարծիքով՝ հնարավոր է, որ Պատրուշևի այցը ինչ-որ չափով կապված է նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք իրադարձությունների՝ մասնավորապես ԵՏՄ գագաթաժողովի և Պուտինի հնարավոր այցի հետ: Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ գնահատականների համաձայն՝ Մոսկվայի և Երևանի միջև վերջին շրջանում չհասկացվածություն կար՝ Նարեկ Մինասյանը նկատեց, որ նման ոչ ֆորմալ հանդիպումների շրջանակներում, երբ կողմերը հնարավորություն ունեն քննարկել խնդիրները, չհասկացվածությունը հաղթահարվում է. «Երկխոսությունների միջոցով հնարավոր է վերականգնել փոխվստահության մակարդակը»: Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Պատրուշևը ՌԴ-ում ավելի շատ հայտնի է որպես Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների համակարգող, և իրականում խնդրահարույց է այն, որ նրա այցը Հայաստան բավականին ուշ եղավ և որ համագործակցությունը ոչ ֆորմալ մակարդակով է: «Գաղտնիք չէ, որ կային տարաձայնություններ, որովհետև ռուսական կողմից միշտ եղել է խնդիր, քանի որ անվտանգության խորհրդում չկան իրենց մարդիկ, և ոչ ֆորմալ մակարդակում նրանք այդ մասին բարձրաձայնել են: Այս հանդիպումը լավ հնարավորություն է հստակեցնելու շփման եզրերը կամ ձևավորելու փոխվստահություն»,- նշեց քաղաքագետը:   Մանրամասն՝ տեսանյութում: