Էրդողանը կարող է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա․ The Times

Էրդողանը կարող է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա․ The Times

Բրիտանական The Times պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին: Ըստ հոդվածի հեղինակի՝ Անկարան իր անվտանգության համար սպառնալիք համարող քրդական զինյալ խմբերին ցանկանում է հեռացնել իր հարավային սահմաններից, չնայած ԱՄՆ-ն աջակցում է այդ խմբերին: Նշվում է, որ ԱՄՆ-ի հետ զինված բախումից խուսափող Թուրքիան առայժմ ձգձգում է հարձակումը Սիրիայի քրդերի վրա։ Աղբյուրը տեղեկացնում է, որ նախկինում ԱՄՆ-ը նույնպես աջակցել է ներկայում Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորմանը, սակայն այժմ Վաշինգտոնն աջակցում է միայն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հաղթանակում առանցքային դեր ունեցած «Սիրիայի Ժողովրդական ուժերին»: «Թուրքիան միայն ՍԱԲ-ին է աջակցում, իսկ ՍԺՈւ-ն դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ նրան ներկայացնելով որպես ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) ճյուղավորում: Թուրքիայի անվտանգությանը տարիներ շարունակ սպառնացող ՔԲԿ-ն ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում », - ասվում է հոդվածում: Հեղինակը հիշեցնում է նաև մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսը ՍԺՈւ-ից մաքրելու ու այդ շրջանի վերահսկողությունը ՍԱԲ-ին հանձնելու ծրագրի մասին արած հայտարարությունը: «Այս իրավիճակում լուրջ խնդիր է առաջանում, քանի որ Անկարայի կողմից ռազմական գործողություն նախաձեռնելու դեպքում ՆԱՏՕ-ի 2 դաշնակիցներ իրար դեմ են դուրս գալու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների առկայությունը: Ակտիվ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ Անկարայի հարձակումը ձգձգվում է, բայց դա չի կարող շատ երկար տևել: Էրդողանը ՍԺՈւ-ի՝ Թուրքիայի սահմանին մոտ տեղակայված լինելը դիտարկում է չեզոքացման ենթակա սպառնալիք: եվ միայն ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ չմտնելու հանգամանքն է նրան հետ պահում հարձակվելուց», - գրում է The Times- ը: